ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ազգովի գոռացեք աշխարհի երեսին՝ դատարանն է, դատարանն է, ոտքի´»
14.04.2016
«Ազգովի գոռացեք աշխարհի երեսին՝ դատարանն է, դատարանն է, ոտքի´»

Մանկավարժական համալսարանում կայացավ Պ. Զեյթունցյանի «Ոտքի´, դատարանն է գալիս» պիեսի բեմադրության հայաստանյան պրեմիերան՝ Թեքեյան մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի «Մհեր Մկրտչյան» թատերախմբի ներկայացմամբ և ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի բեմադրմամբ:

Սփյուռքում գործող թատերախումբը պատմական իրողությունների դեմ իր բողոքն ու  պայքարը ներկայացնում է ամենուր՝ սկսած հիմնադրման օրից՝ փորձելով մշակույթի միջոցով հանրությանը ներկայացնել հայի ու բոլոր ժամանակներում նրա հետ կատարվածի մասին:

Պիեսին քաջածանոթ հանդիսատեսն առաջին անգամը չէ, որ տեսնում և լսում է Սողոմոն Թեհլերյանի (դերակատար՝ Հարութ Պարսումյան) մտորումները. նա Աստծուն միայն մի բան է խնդրում՝ ատելությունը դարձնել միակ հավատքը, որ ձեռքը հանկարծ չդողա ոճրագործի դատավճիռը կայացնելիս. չէ՞ որ Թալեաթն ու իր գաղափարակիցները խոստովանում են՝ հայերն իրենց համար վտանգավոր են ազգային քաղաքականության ու նաև տնտեսական զարգացման համար. «Հայերը վտանգավոր վերք են թուրք ազգի մարմնի վրա»:

Չնայած աշխարհը տեսել է, որ սկսած 1915-ից՝ հայը կործանվել է մեռնելու երկրային բոլոր ձևերով, և վստահ է, որ Ցեղասպանությունը միայն այն իրականացնողի գործը չէ, սակայն լուռ է՝ դարերով անխոս ու անգործ:

Արդեն դատարանում 85 հոգանոց գերդաստան կորցրած հերոսը ավերված տան և ողջ Երզնկայի փլատակների մտապատկերում շարունակ տեսնում է տեղահանվող քարավաններ, հայերի կացնահարված գլուխներ, սպանվածների դիեր և խոստովանում, որ ինքն իրեն մեղավոր չի զգում, խիղճը հանգիստ է. «Սպաննած եմ մարդ մը, բայց մարդասպան չեմ»:

«Անցյալի հոգիները» ներկայացման մեջ, սակայն նրանից դուրս աշխարհի տարբեր բեմերից կրկնում են. «Վարագույրը կրկին փակվեց, սակայն վերքերն ու հարցերը դեռ բաց են: Տարիներն անցնում են հանգիստ, անշուք ու անշշուկ, իսկ գազանը դեռ կենդանի է. այսօր էլ ունենք նահատակվածներ, ո՞վ և ինչպե՞ս պետք է լռեցնի գազանին»:

Հայրենիքից հեռու, բայց հայրենիքի ամենօրյա հոգսով ապրող թատերախմբի անդամները վստահ են, որ դահլիճից դուրս հայ մարդը նորից մտածում է անելիքների մասին, ուրեմն դեռ կան թեհլերյաններ, որոնց ձեռքին է արդար դատի բանալին. «Ելեք և ձեզ հետ ոտքի հանեք ողջ աշխարհին, ազգովի գոռացեք աշխարհի երեսին՝ դատարանն է, դատարանն է, ոտքի´»:

Ներկայացման բեմադրիչ Ժիրայր Բաբազյանն old.aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ տարբերություն չի նկատում հայաստանցու և սփյուռքահայի միջև՝ նրանք բոլորը հայ են, որ նույնքան մտահոգված են ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում կատարվող իրադարձություններով:

Նրա կարծիքով՝ առանց մշակույթի ազգը գոյություն չունի և պետք է պայքարել հենց այդ մշակույթով. «Պետք է կարողանանք աշխարհին տարբեր լեզուներով ներկայացնել մեր մշակույթը. դա է մեր զենքը, մենք չունենք նավթ ու ադամանդ»:

Նշենք, որ 1997թ-ին հիմնադրված թատերախումբը աշխարհի տարբեր բեմերում հայ հեղինակների թատերական գործերով ներկայացրել է շուրջ 20 ներկայացում: 77 ոչ պրոֆեսիոնալ դերասաններ և 50 աշխատակից ունեցող թատերախումբը իսկական դպրոց է հայության համար, որտեղ հնչում է մաքրամաքուր հայոց լեզու, ուսուցանվում հայոց պատմություն և ներկայացվում մի ողջ ազգի մշակույթ:

Ներկայացման իրականացման համար թատերախմբին մեծապես աջակցել են ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները: Թեատերախումբը ներկայացմամբ հանդես կգա նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Լուսանկարները՝ Արմեն և Արամ Խաչատրյանների