ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բաց դասախոսություններ՝ դպրոցականների համար
07.04.2022
Բաց դասախոսություններ՝ դպրոցականների համար

Մանկավարժական համալսարանի ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը բացառիկ հնարավորություն էր ընձեռել հանրապետության մի շարք դպրոցների աշակերտների համար։

Վերջիններս այսօր հյուրընկալվել էին 100-ամյա պատմություն ունեցող մանկավարժական դարբնոցում՝ ծանոթանալու կառույցին, մանկավարժական կրթության առանձնահատկություններին, մասնագիտություններին և ներկա գտնվելու ֆակուլտետի պրոֆեսորների բաց դասախոսություններին։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը նշում է՝ արդեն ավանդական դարձած հանդիպումներն օգնում են առավել խորքային ծանոթանալ բուհում առկա մասնագիտություններին․ինտերակտիվ և հանրամատչելի ձևաչափով դասախոսություններն էլ լրացնում աշակերտների գիտելիքների պաշարը ։

Թեմայի շրջանակներում Էդգար Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանում և Սփյուռքում հայ եկեղեցու դերն ու կարևորությունը։ Բանախոսը ընդգծեց կառույցի նշանակությունը Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման համատեքստում՝ որպես կրոնական և ազգային ինստիտուտ։

Բուհ կատարած այցի ընթացքում աշակերտները ծանոթացան նաև Հայկական լեռնաշխարհի հնագույն ծեսերին․ թեման ներկայացրեց Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Պատմաբանն անդրադարձավ Ուրարտուի կազմավորմանը, պատմամշակութային ժառանգությանը, հնագիտական պեղումներին։

Դասախոսության թեմայի ընտրությունը պրոֆեսորը պատահական չհամարեց․ այն այժմեական է և համաշխարհային հնչեղություն ունի։ Աշակերտները պետք է քաջատեղյակ լինեն նաև Արևմտյան Հայաստանում գոյություն ունեցող հայկական մշակութային ժառանգությանը և հասկանան՝ որքանո՞վ են այսօր դրա ժառանգորդը։

Հանդիպման ընթացքում ցուցադրվեց նաև դպրոցականների համար «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ դեռևս 15 տարի առաջ նկարահանված «Ուրարտու» ֆիլմը։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Համաշխարհաին պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանն էլ ավագ դպրոցի սաներին ներկայացրեց «Հայկական լեռնաշխարհը հայոց բնօրրան» թեման։

«Հայկական լեռնաշխարհը միայն հայերի հայրենիքն է, իսկ օտարները վաղ թե ուշ պետք է լքեն տարածքը»,-նշեց պատմաբանը։

Կրտսեր սերունդն իր անձնական ցանկություններից զատ, պետք է կարևորի ուժեղ և մեծ հայրենիք ունենալու ձգտումը․«Անհատն ուժեղ է, ուժեղ հայրենիքով»,- հավելեց պրոֆեսորը։

Գերհագեցած օրվա վերջին դասախոսությունը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանինն էր։ Աշակերտներին ներկայացվեց «Արցախյան հիմնախնդիրը», ծագումնաբանությունը, զարգացման ընթացքն ու ներկայիս իրավիճակը։

Մանկավարժական համալսարանում հյուրընկալված դպրոցականների այցն ավարտվեց Գիտական գրադարան և թանգարան այցելությամբ։