ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվեց «Երիտասարդությունը և բնական գիտությունների հորիզոնները» խորագրով երիտասարդ գիտնականների միջբուհական գիտաժողով:
Մասնակցում էին գիտակրթական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՊՄՀ-ից, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոններից, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտից, Արարատի պետական բժշկական քոլեջից, Երևանի և մարզային դպրոցներից։
Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը կարևորեց ձեռնարկի անցկացումն ու հույս հայտնեց, որ ներկայացված թեմաներն ու դրանց շուրջ քննարկումները դրական կանդրադառնան մասնակիցների գիտական գործունեության վրա։ Խոսելով մեր երկրում ուսումնական հաստատությունների լաբորատոր սարքավորումներով համալրման, ԲՏՃՄ ոլորտի ուղղությամբ տարվող աշխատանքների, այդ մասնագիտությամբ կրթություն ստանալու հնարավորությունների մասին, ՀՊՄՀ պրոռեկտորը կարևորեց ուսումնական գործընթացներում դրանց կիրառումն ու ոլոլտի զարգացումը։
«21-րդ դարը կենսաբանության դարն է»,-մասնակիցներին հիշեցրեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սիրինե Շողերյանն ու հավելեց՝ երիտասարդներին տրամադրվել է գիտական հարթակ՝ վերհանելու, ներկայացնելու բնական գիտությունների արդի խնդիրներն ու միավորելու դրանով հետաքրքրվածներին, որոնք իրենց առաջարկներով և լուծումներով կնպաստեն գիտության առաջընթացին։
«Երիտասարդությունը և բնական գիտությունների հորիզոնները» խորագրով երիտասարդ գիտնականների միջբուհական գիտաժողովի պլենար նիստի մասնակիցներին իրենց զեկույցներում ներկայացրին տարբեր թեմաներով արված սեփական հետազոտությունները։ Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում։
Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը, խոսելով միջբուհական գիտաժողովի մասին, նշեց՝ նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին իրենց աշխատանքները ներկայկացնել գիտական մակարդակում։
Նա կարևորեց հրավիրված բուհերի և կենտրոնների ներկայացուցիչների հետ մեկ հարթակում փոխշփումները, ընդգծելով՝ գիտական հանրույթը պետք է իրազեկ լինի, որ բուհը միայն մանկավարժական ուղղվածությամբ չէ աշխատանքներ տանում․ արդյունավետ ցուցանիշներ ուսանողները գրանցում են նաև այլ հարթակներում։ Սամվել Պիպոյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը մասնակիցներին կօգնի հետազոտական աշխատանքներ գրելու փորձառություն ձեռք բերել՝ հետագայում ավելի վստահ քայլեր անելու գիտական բարձր հարթակներում։