«Դժվար է պատկերացնել ուսումնական տարվա ավելի բովանդակալից ու նշանակալի սկիզբ, քան այս բացառիկ լսարանի բացումն է. սա ուսումնական տարվա նոր ու յուրատեսակ սկիզբ է: Հայաստանում գործում են բազմաթիվ ցուցասրահներ, բայց որպես լսարան՝ այն առաջինն է: Վստահ եմ, որ ցուցասրահ-լսարանի մթնոլորտը կլինի ոգեշնչող ապագա արվեստագետների համար»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում ցուցասրահ-լսարանի հանդիսավոր բացման ժամանակ:
Նորաբաց ցուցասրահ-լսարանում ցուցադրված են ֆակուլտետում դասավանդած և ներկայումս գիտամանկավարժական գործունեություն ծավալող արվեստագետ-մանկավարժների ստեղծագործությունները՝ շուրջ 90 աշխատանք:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց տարբեր ժամանակներում բուհում դասավանդած մեծանուն արվեստագետներին, նրանց ժառանգներին և վստահեցրեց՝ չկա մեր մշակույթի ու արվեստի մեծությունների հիշատակը վառ պահելու, հավերժացնելու բացառիկ արտահայտության ձև, քան նրանց ստեղծագործությունների ներկայությունը կրթական միջավայրում:
Ռեկտորը բարձր գնահատեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանի՝ ցուցասրահ-լսարան բացելու նախաձեռնությունը և ևս մեկ անգամ նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին՝ մաղթելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
«Եթե իսկական ուսուցիչը բնությունն է, ապա ուսումնական հաստատության ներսում իսկական ուսուցիչը պատերին փակցված աշխատանքներն են»,-մեջբերելով մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցին՝ նշեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը և հավելեց, որ ցուցասրահ-լսարանը կարծես ապագա արվեստագետների համար այդ ուսուցիչը լինելու առաքելությունն ունի:
Արա Հակոբյանն ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանն իր տարբեր մասնագիտություններով մշտապես նպաստել է մշակույթի զարգացմանը և հավելեց, որ ցուցասրահ-լսարանի բացումը նպատակ ունի ոչ միայն ուսանողներին, այլև արվեստասեր հասարակությանը ներկայացնել Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պատմությունը կերտող արվեստագետներին, նրանց ստեղծագործությունները:
Նրանց մեծ մասը ՀՀ վաստակավոր, ժողովրդական նկարիչներ են, ինչը մեծ պատիվ է ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատության համար:
«Երբ իմացա այս նախաձեռնության մասին, ուրախացա, հուզվեցի: Սա կարևոր ձեռնարկ է, որ կհավերժացնի բուհի երախտավոր արվեստագետների հիշատակը, և մեր մեծ նկարիչները որպես ուսուցիչներ մշտապես ներկա կլինեն ուսանողների համար»,-նշեց նկարիչ Հարություն Հովհաննիսյանի որդին՝ Սեդրակ Հովհաննիսյանը և լսարանի բացման առթիվ շնորհավորեց և´ ուսանողներին, և´ դասախոսներին:
Նշենք, որ նման ցուցասրահ-լսարան Հայաստանի ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատությունում դեռևս չկա:
Ցուցադրված են ՀՀ Ժողովրդական նկարիչներ Արա Սարգսյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Արտաշես Հովսեփյանի, Զաքար Խաչատրյանի, Լևոն Կոջոյանի, Արա Շիրազի և այլոց ստեղծագործությունները: Ցուցասրահ-լսարանը ծառայելու է ոչ միայն որպես ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների համար լսարան, այլև յուրօրինակ վայր մշակութային քննարկումներ, հանդիպումներ, տարբեր ձեռնարկներ անցկացնելու համար: