ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ դասախոսություն՝ պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանից
05.05.2017
Բացառիկ դասախոսություն՝ պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանից

Մանկավարժական համալսարանում շարունակվում են տարբեր ոլորտների առաջատար մասնագետների բաց դասախոսությունները:

Այսօր բուհում էր Ուկրաինայի Այցելուակենտրոն և փորձարարական հոգեթերապիայի ինստիտուտի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը:

Կիրառական հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ հրավիրված դոկտորը պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին ներկայացրեց «Այցելուակենտրոն թերապիայի սուբվերբալ (ոչ խոսքային) մոդելը» թեմայով դասախոսությունը:

Ալեքսանդր Քոչարյանն անդրադարձավ հումանիստական հոգեբանության ուղղություն համարվող ռոջերսյան թերապիային՝ ներկայացնելով նաև այս մեթոդի սեփական մշակումները:

Նա մանրամասնեց ոչ խոսքային հոգեբանական վերլուծություններ կատարելու ձևերն ու մարդու հոգեկան աշխարհի ամենատարբեր դրսևորվումները մարմնի մեջ:

Պրոֆեսորը, խոսելով հոգեթերապիայի մասին, նկատեց, որ տեսության հիմնադիր, ամերիկացի հոգեբան Կարլ Ռոջերսը խոսում էր ոչ թե անձի, այլ մարդու մասին՝ իր հիմնական նպատակը համարելով մարդու մեջ մարդուն բացահայտելը:

Ալեքսանդր Քոչարյանը նկատեց, որ Ռոջերսն առաջինն էր, ով հերքեց հոգեթերապիան որպես սովորական մեթոդ ընկալելը և այն դիտարկեց որպես յուրահատուկ միջանձնային տարածք, սուրբ հաղորդակցություն մարդկանց միջև. «Հոգեթերապիայում հարաբերությունները պետք է բուժել սիրո միջոցով՝ կառուցելով դրական փոխհարաբերություններ »,- հավելեց բանախոսը:

Հոգեբանական գիտությունների դոկտորն անդրադարձավ նաև ուսմունքի հիմնական դրույթներին, ապա գործնականում, մարմնի լեզվի տեսանկյունից բացատրեց և կոնկրետ անձանց հետ աշխատելով ցույց տվեց, թե ինչպես են անձի հոգեբանական խնդիրներն արտացոլվում նրա մարմնում։

Պրոֆեսորն գործնականում ցույց տվեց  տվեց, թե հոգեբանական ի՞նչ արդյունք կարող է ունենալ այս բուժական պրոցեսը:

Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը old.aspu.am-ի հետ զրույցում նկատեց՝ ռոջերսյան տեսությունը Հայաստանում կիրառություն չունի, ու թեպետ ուսանողները դասապրոցեսում ծանոթացել են այս մեթոդին, սակայն առաջին անգամ են տեսնում դրա կիրառումը, մինչդեռ այս մեթոդը լայն տարածում ունի աշխարհում և խիստ արդյունավետ է: Ի դեպ, ուսանողակենտրոն ուսուցման սկզբունքն էլ ձևավորվել է տեսության հիման վրա:

Պրոֆեսորը վստահեցրեց՝ համագործակցությունը կշարունակվի ամենատարբեր ոլորտներում՝ գիտական հետազոտություններից մինչև աշխարհում հայ հոգեբանների միության ստեղծումը: