«Փորձառու դասախոս, պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանի աշխատանքները գեղագիտական արժեք ունեն, նաև՝ ուսուցողական, որ օտարամոլության հորձանուտում ստիպում են հիանալ հայկական բնաշխարհի փոքրիկ, գողտրիկ անկյուններով, լանդշաֆտային տեսարաններով, տարվա եղանակներով, որոնք այնքան հայեցի են, այնքան հոգեհարազատ։ Պատահական չէ, որ ցուցահանդեսը համընկել է Տեառնընդառաջի տոնի հետ․ օր, որ մաքրության խորհուրդ ունի, ինչպես Մարտիրոսյանի գեղարվեստական ստեղագործություններն են»,-այսօր Մանկավարժական համալսարանում ցուցահանդեսի բացմանը նշեց Գեղարվեսատական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը։
Արթուր Մարտիրոսյանի հոբելյանական ցուցահանդեսին ներկայացված էր նկարչի 24 աշխատանք․ պրոֆեսոր Հակոբյանը նկատում է՝ դրանք իրենց անկեղծությամբ հրապուրում են ոչ միայն մասնագետներին, այլև արվեստասերներին։
Կարծում է, որ ֆակուլտետի ճեմասրահում ցուցադրությունները պետք է շարունակական լինեն․ արվեստագետ-մանկավարժների աշխատանքները կօգնեն ուսանողներին ճանաչել իրենց դասավանդողներին։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ ընդգծում է՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում կազմակերպված ցուցադրությունները յուրատեսակ տոն են պարգևում․ ստեղծագործողներից յուրաքանչյուրը հատուկ ակնածանքի է արժանի։
Ռեկտոր Գևորգյանը կարծում է, որ ցուցահանդեսները պետք է կազմակերպվեն միջգիտակարգային փոխներգործությամբ․ նկարիչների հետ միասին հանդես գան հոգեբաններ, մանկավարժներ, մեթոդիստներ, ինչից կշահի նաև ուսանողը՝ զարգացնելով վերլուծական միտքը, մանկավարժական և մասնագիտական կարողությունները։
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից իր համար առանձնացրեց ձմեռային շարքը՝ բազմերանգ գեղանկարները վերլուծելով հոգեբանության գունընկալման, ապրումային և տրամադրության դրսևորումների տեսանկյունից։
Մեկ անգամ ևս ընդգծելով ցուցադրության կարևորությունը՝ վստահեցրեց՝ դրանք կօգնեն ուսանողներին զարգացնել ստեղծագործական երևակայության ուրույն մտահաղացումները․ բուհը մշտապես պատրաստակամ է նպաստել կրթության որակի զարգացմանը միտված գործընթացներին։
«Արթուր Մարտիրոսյանը հոգեհարազատ է մնացել իր ընտրած ժանրին․ հայրենի բնության նկատմամբ սերը, բնության հետ հաղորդակցումը կարծես հիացականորեն վրձնած լինեն։ Կան առանձին աշխատանքներ, որոնցում գերակշռում են պայծառ գույներ, սակայն ընդհանուր առմամաբ, կոլորիտը ներդաշնակ է»,-նկատում է Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ Սաթենիկ Մելիքյանը։
Արվեստաբանն ընդգծում է՝ աշխատանքներում ակնհայտ է նկարչի հոգեբանական խորության ողջ տիրույթը։ Ըստ նրա՝ մտածելու, խորհելու, ազնվական մարդու մտածելակերպը գալիս է ակունքներից՝ Վասպուրականից և Մուշից, ինչն էլ արտահայտվում է արվեստագետի բնանկարներում․ «Բնանկարի ժանրը հիմնականում ներկայացվում է ռոմանտիկ, ռեալիստական կամ դասական ոճով։ Մարտիրոսյանի աշխատանքներում ռեալիստական ոճն է․ նկարիչը ոգևորված է այն բնաշխարհով, որտեղ ծնվել, ապրում և ստեղծագործում է։ Մարտիրոսյանն իր ստեղծագործություններում հասել է այնպիսի աստիճանի, երբ ընդհանրացումն աստիճանաբար վերածվում է աբստրակցիայի»։
Գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը, որ Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է, տարիների հեռվից հիշում է՝ իր առաջին ցուցադրությունը ևս հարազատ բուհում էր՝ ուղիղ 40 տարի առաջ։
Նկարիչ դառնալու մասին միշտ է երազել, անգամ այն ժամանակ, երբ չէր էլ նկարում։ 17 տարեկանում ընդունվեց Մանկավարժական․ աշակերտելով մեծանուն վարպետներին՝ սովորեց նկարչության փիլիսոփայությունն ու մտածողությունը՝ իր համար բացահայտելով, որ նկարչությունը կապ չունի ձեռքի վարպետության հետ, դա զգայություն է։
Տարբեր ժանրերում ստեղծագործող Արթուր Մարտիրոսյանը նկատում է՝ այսօր ավելի պայծառ և սուր է ընդունում աշխարհը, լի է էմոցիաններով և վստահ է՝ ավելի հզոր, նոր ստեղծագործական շրջան է թևակոխում․ «Կան էջեր, որ կծալվեն, կգնան հեռու։ Ցուցահանդեսից հետո չի կարող նոր բան չգալ․ ամփոփում պետք է տեղի ունենա»։