ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես․․․
24.11.2023
Բացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես․․․

Դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաոճ գործեր՝ բատիկա, գոբելեն, փայտի փորագրություն, թրծակավ, մանրակերտ, մաքրամե և այլն. այսօր Մանկավարժական համալսարանի ցուցասրահում բացվեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մանկավարժ-արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը նկատում է՝ ցուցահանդեսը նախորդների տրամաբանական շարունակությունն է, չափազանց սպասված․ դեկորատիվ-կիրառական արվեստը ներկայացնում է ազգային նկարագիրը, հիմքում էլ ազգայինն է։

Ըստ նրա, արվեստի այս ճյուղը  պահանջում է, որ արվեստագետը «հարգի նյութը», այն  նրբություն ու փոքր շտկումներ է սիրում․ «Ստեղծագործական  խենթություն, պոռթկում կարելի է դրսևորել էսքիզների, նախագծերի միջոցով, իսկ ստեղծագործականից կատարողականին անցնելիս, զգուշություն  է պահանջում»,- նշեց Արա Հակոբյանն ու հիշեցրեց՝ իրական արվեստը պետք է խոսի արվեստասերի հետ:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ցուցահանդեսի բացմանը նկատեց՝ միջոցառումն առաջին հայացքից ձևավորում է գեղագիտական ճաշակ, ծանոթացնում արվեստի կոնկրետ ուղղության հետ, այնինչ իրականության մեջ լուծվում են մի քանի խնդիր՝ մանկավարժական, մեթոդական, պրակտիկ, փիլիսոփայական, որոնց կրողը մանկավարժական բուհն է։

Նա հավելում է՝ առօրյայում  երբեմն  անտեսում ենք, գեղեցիկը, հանճարեղը տիեզերականը, սակայն կիրառական արվեստը կարող է ոգեշնչել և ոգեղենություն առաջացնել։  Ցուցահանդեսը կարող է ձևավորել կրթական կոնկրետ չափանիշներ, գեղագիտական մոտեցումներ, ուսանողության համար դառնալ հոգեբանական անհատական պահանջմունքների բավարարման հարթակ․ «Ուրախ եմ, որ Մանկավարժականն ուսանողին տարբեր հարթակների միջոցով հնարավորություն է տալիս կրթական, գիտական, ստեղծագործական, մեթոդական, մասնագիտական վերջնարդյունքին զուգահեռ, ձևավորվել որպես քաղաքացի, ոգեղեն արժեքներ կրող անհատ»,-ընդգծում է ռեկտորը։

Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը նկատում է՝ ցուցահանդեսում ներկայացված  արվեստի վարպետների մեջ զուգորդված են հմուտ արհեստավարժ արհեստավորն ու ստեղծագործող նկարիչը։  Նա վստահեցնում է՝ բուհի մանկավարժ-արվեստագետներն անձնվիրաբար իրենց փորձն ու գիտելիքներն  են փոխանցում նաև մատաղ սերնդին․ դրա վկայությունն է՝  ուսանողների հաջողություններն ու ձեռքբերումները։

«Դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցադրությունը Կերպարվեստի ամբիոնի միայն մեկ շերտն է»,-նկատում է ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանն ու հիշեցնում նախորդ ցուցահանդեսները, երբ ներկայացված էին նաև քանդակներ, գեղանկարչական աշխատանքեր։ Նա  մեծ երջանկություն է համարում ստեղծագործող լինելը, կրկնակի երջանկություն դիտարկում դասախոս-ուսանող կապն արվեստի փոխանցման հարթակում, կապ, որն օրեցօր ավելի ընդգրկուն է դառնում։

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Եղիազարյանը ցուցահանդեսում   ներկայացրել է երեք աշխատանք՝  եռապատկեր «Հայուհի»։

Բատիկ աշխատանքում  արտացոլված է  մեր ապագան, որ պիտի ծաղկուն լինի։ Նա կարծում է, որ  հայ արվեստը  ժամանակակից լուծումներով իր ուրույն տեղն ու նշանակությունը պետք է ունենա համաշխարհային արվեստում։ Հագուստի դիզայնում էլ  ներկայացրել է ճարտարապետական կառույցների ուրվագծերով և  զարդանախշերով արված «Հայուհի» մաքրամե զգեստը, որն ինչպես հեղինակն է նշում,  ոչ միայն թանգարանային արժեք կարող է լինել, այլև կյանքի կոչվել։   

«Մենամարտ» օրգանական ապակուց պատրաստված անիմացիայի հեղինակն էլ Կերպարվեստի ամբիոնի դասախոս Տարոն Ալեքսանյանն է։ Նա իր աշխատանքում որոշել է կենդանություն տալ ժայռապատկերներին, որոնց միշտ քարացած ենք տեսել։ Իր երևակայությունն է,   թե ժայռապատկերների խոյերն ինչպիսին կտեսնենք շարժման մեջ։

Ցուցահանդեսում դասախոս  Տիգրան Դավթյանը ներկայացրել է  ապարանջաններ՝ հիմնականում արծաթյա կամ արծաթը ոսկու հետ՝ համադրած կիսաթանկարժեք քարերով։

Մոդեռն, աբստրակտ ոճով արված աշխատանքներից  յուրաքանչյուրը հեղինակի գնահատմամբ  100 գրամից ավել քաշ ունի։ Ձեռագործ, բացառիկ աշխատանքներ են՝  առանց նորագույն տեխնոլոգիաների կիրառման, որ նաև  շատ դժվար է  կրկնօրինակել։