«Նա մեծություն է, որի 100-ամյա հոբելյանը հանդիսությամբ նշում է հայ արվեստասեր հանրությունը: Նրա անունը կրող արվեստանոց մտնելիս յուրաքանչյուր ուսանող ևս մեկ անգամ կկրի այն պատասխանատվությունը, որ ինքը սովորում է այն կրթօջախում, ուր աշխատել է հայ մեծանուն նկարիչը»,-ականավոր գեղանկարչի արվեստանոցի բացման արարողության ժամանակ նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Այսուհետ բուհի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան ստեղծագործելու ՀՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի անունը կրող արվեսատանոցում: Ռեկտորն ընդգծեց՝ հպարտանալու առիթ է, որ 20-րդ դարի հայ ազգային արվեստի դասականների թվին դասվող անվանի նկարիչը մեկ տասնամյակից ավելի ղեկավարել է Մանկավարժականի Գեղանկարի ամբիոնը: Այդ տարիներին նրա աշակերտներն էին հայ կերպարվեստի գործիչների մի ամբողջ սերունդ, որոնք ամենուր են և ստեղծագործում են հաջողությամբ:
Ռուբեն Միզրախանյանն անդրադարձավ նաև կերպարվեստի բնագավառում Զարդարյանի ունեցած բացառիկ պարգևներին՝ ընդգծելով, որ դրանք մեծ ձեռքբերումներ էին ազգային գեղանկարչության պատմության մեջ: Ռեկտորն առաջարկեց նկարչի վաստակը մշտարթուն պահել և ամեն տարի կազմակերպել ցուցադրություններ՝ դրանցում ընդգրկելով նրա աշակերտների, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների լավագույն աշխատանքները:
«Մանկավաժական համալսարանը գիտի հարգել իր մեծերին, այն մարդկանց, որոնք մեծ ներդրում են ունեցել բուհի զարգացման համար: Ունենալով նրա անունը կրող արվեստանոց՝ մենք ևս մեկ անգամ փաստում ենք, որ մենք հպարտանում ենք նկարչի անունով և հետնորդներն ենք նրա բարձր արվեստի»,- նշեց ՀՀ նկարիչների միության նախագահ, ՀՊՄՀ-ի Կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանն ու հավելեց, որ Հովհաննես Զարդարյանն այն արվեստագետներից է, որի փառքը կլինի հավերժ հայ կերպարվեստում:
Արվեստանոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև նկարչի դուստրը՝ Անահիտ Զարդարյանը: Նա խոստովանեց, որ հայրը տատանվում էր ընդունել Մանկավարժականում աշխատելու հրավերը. նկարչի համար ստեղծագործական բուռն տարիներ էին, և նա մտահոգված էր՝ դասավանդելը ժամանակ կխլի:
«Նա ձեռնամուխ եղավ այդ գործին և տեսավ, թե ինչ շնորհակալ գործ է դա: Սկսեց աշխատել՝ դասավանդելու հրավիրելով ժամանակի լավագույն նկարիչներին. արդյունքը հոյակապ էր և ոգևորող»,-նշեց Անահիտ Զարդարյանը:
Մեծանուն նկարչի դուստրը խոստովանեց՝ շատ ուսանողներ երբեմն բողոքում էին, երբ նա մտնում էր լսարան և մեծ վրձնով շտկում իրենց երկարատև աշխատած ստեղծագործությունները. նա կրկնում էր այն, ինչ ուսուցիչը՝ Սեդրակ Առաքելյանն էր արել իր հետ՝ ասելով, թե հայ նկարչությունը գույնի նկարչություն է, և ստվերներն էլ պետք է տեսնել գույնով:
«Հովհաննես Զարդարյանը հայ գեղանկարչության մեծ վրձինն էր»,-մեջբերելով Հակոբ Կոջոյանին՝ նշեց Անահիտ Զարդարյանն ու երիտասարդ և ապագա գեղանկարիչներին խորհուրդ տվեց մշտապես ձեռքում պահել վրձինը:
Արվեստանոցի բացումն ուղեկցվեց նաև ֆակուլտետի պորֆեսորադասախոսական կազմի մեկական աշխատանքների ցուցադրությամբ: