ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացվեց ՀՊՄՀ պրոֆեսորի հոբելյանական ցուցահանդեսը
22.05.2023
Բացվեց ՀՊՄՀ պրոֆեսորի հոբելյանական ցուցահանդեսը

«Ուզում եմ այսօր քիչ խոսել, բայց շատ ցուցադրել»,-նշեց Կերպարվեստի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանը՝ Հայաստանի նկարիչների միությունում բացված «18 - 60» խորագրով իր անհատական ցուցահանդեսի բացմանը։

Գեղանկարիչն այս ցուցահանդեսը երազանքի իրականացում է համարում, քանի որ դեռ վաղ տարիքում Միության շենք մտնելիս երազում էր սեփական ցուցադրությունը բացելու մասին․ նրա երազանքն իրականացավ ծննդյան 60-ամյակի օրերին։

Ցուցադրության ներկայացված է նկարչի վաղ, միջին շրջանների և ներկայիս ստեղծագործությունները՝ բնանկար, դիմանկար և այլն․ այն, ինչ Արթուր Մարտիրոսյանը վրձնել է 18 տարեկանից սկսած։

Հայրենատեր և աստվածասեր մարդ, հմուտ մանկավարժ և քաղաքացի-մտավորական․ այսպես բնորոշեց Արթուր Մարտիրոսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Նա շնորհավորեց ցուցադրության բացման առթիվ և ընդգծեց, որ ներկայիս թոհուբոհում նման միջոցառումները հիշեցնում են մեր ժողովրդի մշակութասեր լինելու մասին, մղում էլ ավելի սիրել հայրենիքը, զգալ նրա զորությունը։

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց հոբելյանի և ցուցադրության բացման առթիվ՝ ընդգծելով, որ Արթուր Մարտիրոսյանի ստեղծագործություններն ապրեցնում են, իսկ նկարչի հետ ամեն հանդիպում ստիպում է ժպտալ, լցվել էներգիայով և լավատեսությամբ։

«Դուք արդի հայ կերպարվեստի նշանակալի արվեստագետներից եք, իսկ ձեր ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են զբաղեցնում ինչպես մեր երկրի, այնպես էլ արտասահմանյան թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Անուրանալի է Ձեր ավանդը նաև Արցախյան գոյամարտում և Մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս»,-նշեց Սուրեն Սաֆարյանն ու կարևորեց ականավոր վարպետներից կուտակած փորձն ու հմտությունները սերունդներին փոխանցելու Արթուր Մարտիրոսյանի մեծ ավանդը։

«18-60» խորագրով ցուցադրությանը ներկա էին նկարչի գործընկերները, արվեստագետներ, ուսանողներ, արվեստասեր հանրություն, որոնց համար Արթար Մարտիրոսյան նկարիչը վաղուց հայտնի անուն է՝ իր վարպետությամբ, հայրենի բնաշխարհը տեսնելու, զգալու՝ միայն իրեն բնորոշ հմտությամբ։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արա Հակոբյանն անդրադարձավ Արթուր Մարտիրոսյանին՝ որպես մարդ և պրպտող ստեղծագործող․ «Նրա նկարներում այն է, ինչ նկարչի հոգին է ու էությունը։ Նա հայրենի բնության երգիչ է, նրա մոտ առաջնային հույզերի պոռթկումն է, որը շատ կարևոր է ստեղծագործողի համար»,-նշեց Արա Հակոբյանն ու խոսեց նաև Արթուր Մարտիրոսյանի կարևորագույն առաքելության՝ մանկավարժության մասին․ նրա սաները վաղուց արդեն Նկարիչների միության անդամներ են, ստեղծագործող և արվեստասեր մի քանի սերունդ։

«18-60» խորագրով ցուցադրությունը Նկարիչների մությունում բաց կլինի մինչև մայիսի 27-ը ներառյալ։