ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացվեց Լեմս Ներսիսյանի հերթական ցուցահանդեսը
12.03.2024
Բացվեց Լեմս Ներսիսյանի հերթական ցուցահանդեսը

«Գարնանային էսսե՝ մայրերին և դուստրերին» խորագրով ցուցահանդեսն այսօր բացվեց Մանկավարժական  համալսարանում։ Ցուցադրությանը ներկայացված էր ՀՊՄՀ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեմս Ներսիսյանի  34 գեղանկարչական աշխատանք։

Բացմանը ներկա էր բուհի ղեկավար և դասախոսական կազմը, ուսանողներ, գեղանկարչի արվեստի երկրպագուներ։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գարնանային տոների առթիվ  և ցանկացավ, որ սրահում  գերիշխող տրամադրությունն ու ներքին հոգեկան ներդաշնակությունը պահպանվի  365 օր։

Դաշտային ծաղիկներ, քաղաքային գեղեցիկ նատյուրմորտ, գյուղական միջավայր՝ ծաղկային բույրով և այլն․պրոֆեսոր Գևորգյանը  կարծում է, որ ներկաներից շատերն են հասցրել «մուտք գործել» Լեմս Ներսիսիյանի գարնանային աշխարհ, զգալ գեղեցկության, երազանքների և անհոգ կյանքի տիրույթը, որով պետք է կիսվել, տարածել․ «Մեզանում պակասում  է ուրախությունը, անկեղծ ժպիտը։ Կարծում եմ, որ մեր տաղանդաշատ արվեսատագետ-մանկավարժի ստեղծած գեղանկարներն ու  պատկերած աշխարհը կստիպեն լիաթոք ժպտալ և գնահատել գեղեցիկը»,-ցուցահանդեսի բացմանը նշեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։

Պրոֆեսոր Լեմս Ներսիսյանն ասում է՝  ցուցահանդեսն անկեղծ է, չկա պարտադրանք․ տարվա եղանակներից ներկայացված է իր սիրելի ժամանակահատվածը, որ նաև չափազանց զգացական է։

Գեղանկարիչը նշում է՝ իր աշխատանքներում կա և՛ գրականություն, և՛ երաժշտություն  և՛ աշխարհագրություն․կարծում է, որ եղանակին բնորոշ ընդգծված մանուշակագույնով հաջողվել է արվեստասերներին փոխանցել գարնանային տրամադրություն, նկարներում եղած բույրը։

ՀՊՄՀ Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նախքան ցուցահանդեսն է հասցրել ծանոթանալ ներկայացված աշխատանքներին, զգալ գարնանային պատկերահանդեսը, որ կարծում է՝ պետք է լցնի մեր ներաշխարհն ու  լավագույն նվերը դառնա գեղեցիկ սեռին։

ՀՊՄՀ Պատմության թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանն էլ  հավելում է՝ ծաղիկների թեմաներով  արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսներն օգնում են  վեհ և գեղեցիկ դարձնել մարդկային կյանքը։