ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացվեց մեծանուն գիտնական Վաղարշակ Քոսյանի անունը կրող լսարան
26.06.2017
Բացվեց մեծանուն գիտնական Վաղարշակ Քոսյանի անունը կրող լսարան

«Ինչպե՞ս կարելի է հավերժացնել մարդու հիշատակը. լավագույն դրսևորումներից մեկը, կարծում եմ, ուսումնական հաստատության անվանակոչումն է: Ամեն օր այս լսարան կմտնեն տասնյակ, ժամանակի մեջ՝ հազարավոր ուսանողներ, ապագա մանկավարժներ, ովքեր կմտնեն դպրոց և մեծ հպարտությամբ աշակերտներին կասեն, որ սովորել են մեծ լեզվաբանի անունը կրող լսարանում»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Քոսյանի անունը կրող լսարանի հանդիսավոր բացմանը:

Ռեկտորն անդրադարձավ Մանկավարժականում Քոսյանի բազմամյա գործունեությանն ու ընդգծեց՝ չնայած մասնագետները բազմիցս ուսումնասիրել են պրոֆեսորի գիտական աշխատությունները, բայց իր համար հատկապես ամենից բարձր գնահատականին արժանանում է բուհական արժեքավոր դասագիրքը, որ ստեղծել էր լեզվաբանների հզոր քառյակը՝ Քոսյան, Ջահուկյան, Աղայան և Աբրահամյան:

Լսարանի բացման պատիվն ընձեռվեց մեծանուն գիտնականի թոռանը` կրտսեր Վաղարշակ Քոսյանին, ով Մանկավարժական համալսարանի ուսանողներից է:

Լսարանի անվանակոչմանը հաջորդեց Վաղարշակ Քոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանրապետական գիտական նստաշրջան, որի ընթացքում ելույթներ ունեցան նրա տարբեր տարիների շրջանավարտները:

«Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գիտական աստիճանն ու կոչումը գտել էին իրենց իսկական իմաստին համապատասխանող տիրոջը. Վաղարշակ Քոսյանը մեծ մանկավարժ էր և առաջնակարգ լեզվաբան»,-նշեց Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանն ու հավելեց, որ իր համար մեծ պատիվ էր լինել մեծ գիտնականի ուսանողն ու գործընկերը:

Անդրադառնալով Քոսյանի գիտական, մանկավարժական ժառանգությանը՝ Աելիտա Դոլուխանյանը հատկապես կարևորեց նրա հատուկ սերը ուսումնատենչ ուսանողների հանդեպ. անշահախնդիր խրախուսում էր և օգնում բոլորին և այդ ամենը՝ առանց ցուցադրման. «Մարդու մեջ բարձր էր գնահատում աշխատասիրությունը, ճշտապահությունն ու պարկեշտությունը, օժտված էր հայ մարդուն զարդարող գծերով, բարեկամասեր էր, ընտանիքասեր, ընկերասեր»,-նշեց պրոֆեսոր Դոլուխանյանն ու ափսոսանքով նկատեց՝ պրոֆեսոր Քոսյանը կյանքից հեռացավ գիտական ուժերի ամենածաղկուն շրջանում՝ իր հետ տանելով բազում չիրականացած գիտական ծրագրեր:

Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի համար ևս այս ձեռնարկը մեծ իրադարձություն է. ապագա գրողի առաջին հանդիպումը Քոսյանի հետ եղել է երջանիկ և ճակատագարկան պատահականություն՝ կանխորոշելով Դավոյանի հետագա ուղին:

«Ներկայիս համացանցային դարում գիտելիքն ամենուր է, այն ուտում է մարդկանց ուղեղները, այնինչ նրա նման հզոր գիտնականը կարողանում էր այնքան մատչելի մատուցել մայրենի լեզուն: Նրա հետ շփումը հայ մարդու տեսակի իրական դաստիրակություն էր, ներքուստ փխրուն մի մարդ, որ երբևէ ցույց չէր տալիս սեփական խնդիրները»,-նշեց գրող Ռազմիկ Դավոյանն ու պատմելով հուշեր գիտնականի մասին՝ չթաքցրեց, որ մինչ օրս երախտապարտ է իր կյանքի կարևոր ճանապարհին ուղղորդելու համար:

Գիտնականի տարբեր տարիների շրջանավարտները վստահեցրին՝ Վաղարշակ Քոսյանը Մանկավարժական համալսարանի այն շրջանավարտներից է, որ խոր հետք է թողել բուհի աշխատանաքային և գիտական գործունեության վրա, երիտասարդ գիտնականների համար ստեղծել անարգել պայմաններ՝ ինքնադրսևորվելու և առաջ գնալու գիտության ճանապարհներով:

«Նա հարյուրավոր ուսանողներ է կրթել, հայոց լեզվի և գրականության նվիրյալներ, որոնք իրենց քոսյանական դպրոցի ժառանգորդներ են համարում: Այս լսարանի անվանակոչության առիթով ոչ միայն մեր ուսուցչի հանդեպ երախտագիտության զգացումով ենք տոգորվում, այլ նաև մեր ուսանողներին ենք հանձնում Վաղարշակ Քոսյանի պատգամներից մեկը՝ հարգել մեծերին և գնահատել նրանց կատարած գործը»,-նշեց Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն ու վստահեցրեց, որ տարբեր բուհերի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ նստաշրջանի ընթացքում կփորձեն ներկայացնենլ նրա ծանրակշիռ և արժեքավոր գիտական վաստակը:

Գիտնականի 90-ամյա հոբելյանին նվիրված ձեռնարկին ներկա էին նաև նրա ընտանիքի անդամները: old.aspu.am-ի հետ զրույցում նրա թոռը՝ Վաղարշակ Քոսյանը նշեց՝ չնայած պապին կենդանության օրոք չի տեսել, սակայն պահպանում է ծնողների միջոցով իրեն փոխանցված նրա ամենակարևոր հորդորը՝ լինել ազնիվ ամեն աշխատանքում:

«Մեծ պատիվ է կրել գիտնականի և սիրված մարդու անունը, ուստի մի կարևոր քայլ կատարելիս մտածում եմ իմ արարքներով բարձր պահել նրա բարի անունն ու համբավը»,-խոստովանեց Վաղարշակ Քոսյանը:

Գիտական նստաշրջանն ընթացավ 3 մասնաճյուղերով, որոնց ընթացքում եղան մասնագիտական զեկույցներ: