ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացվեց Սերգո Երիցյանի ֆոնդը Կենտրոնական գրադարանում
09.10.2023
Բացվեց Սերգո Երիցյանի ֆոնդը Կենտրոնական գրադարանում

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվեց ՀՊՄՀ պրոֆեսոր, լրագրող, հրապարակախոս, հասարակական և պետական գործիչ Սերգո Երիցյանի ֆոնդը։ Մտավորականի ընտանիքը գրադարանին նվիրեց հեռուստալրագրողի հեղինակած, կազմած շուրջ 129  անուն գիրք և իր անձնական պահոցից՝ ևս 3800-ը։

Ֆոնդի բացմանը ներկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, կրթադաստիարակչական ոլորտի ներկայացուցիչներ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության անդամներ։

Բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը, ի թիվս այլ կրթօջախների, երկար տարիներ դասավանդել է ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում՝ մեծ դերակատարություն ունենալով Հայաստանում հեռուստառադիոլրագրության զարգացման գործում։

Պրոֆեսորը կրթել և դաստիարակել է նպատակասլաց, մտածող սերունդ, ուսանողների մեջ սերմանել սկզբունքայնություն սովորեցրել ճիշտ ապրել և աշխատել։

Ներկաներն իրենց ելույթներում ամբողջացրին Սերգո Երիցյան մարդու և լրագրողի կերպարը՝ անդրադառնալով հանրապետության կրթադաստիարակչական ոլորտում հարուստ ու հագեցած գործունեությանը, լրագրողների տարբեր սերունդների պատրաստման գործում ունեցած մեծ ներդրմանը, հայ բարերարների կյանքի բացահայտումներով ու հասարակական- հրապարակախոսական կյանքի յուրահատուկ դրսևորումներով։

«Նրա յուրաքանչյուր հաղորդում ստեղծագործություն էր, մի գիրք՝ իր բովանդակությամբ, ուսումնասիրության խորությամբ, հզոր վերլուծականով»,-Թեքեյան միության նախագահ, ՀՊՄՀ նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի բնորոշումն է՝ Սերգո Երիցյանի՝ հեռուստատեսությունում աշխատելու տարիներին, մասնավորապես՝ «Կարծիք» հաղորդաշարին։

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, որը նաև ղեկավարել է ՀՊՄՀ Հեռուստառադիոլրագրության ամբիոնը, խոսեց Սերգո Երիցյանի բազմազբաղ գործունեության մասին․ նա հասցնում էր օրվա ընթացքում զբաղվել ամենատարբեր աշխատանքներով՝ հեռուսատեսություն, դասախոսական աշխատանք, հանդիպումներ․ «Նրա պրպտուն միտքը երկրից դուրս՝ Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և այլուր հայկական հետք որոնելու և բազմաթիվ հայ բարերարների կյանքի պատմությունը եկող սերունդների համար վերծանելու և թղթին հանձնելու իսկական խիզախում էր, որը Սերգո Երիցյանը կարողանում էր իր հսկայական տարածական երևակայական դաշտով իրականություն դարձնել»։

Սերգո Երիցյանի տղան՝ Սարգիս Երիցյանը, որդիական առանձնահատուկ վերաբերմունքով ներկայացրեց հոր գործունեությունը, իրարից այնքան տարբերվող բազմազբաղ աշխատանքային ամեն օրը, որտեղ նաև հայր ու որդի հարաբերություններն էին ձևավորվում ու դրսևորվում։

Սարգիս Երիցյանը որոշել է շարունակել հոր գործունեությունը հասարակական ոլորտում, և հատկապես պահպանել «Լոռվա ձոր» հայրենակցական միության ավանդույթները։

Ներկաներն իրենց հետ տարան Սերգո Երիցյանի կյանքի դասերը՝ մարդկայնության ու մարդկային սիրո մասին, որ ապրելու և ամեն օր հարազատ երկրի կյանքին մի նոր գույն ավելացնելու պատմություն է։