Բանասիրական ֆակուլտետի հյուրն էր սփյուռքահայ մտավորական Համբարձում Մարտիրոսյանը:
Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը հյուրին ներկայացրեց որպես արևմտահայ գրական մշակույթի՝ մասնավորապես «բանաստեղծական աշխարհի շարունակական ուղու հավատավոր ճամփորդ», ում ճանապարհը սկիզբ է առել Սեբաստիայից՝ Վարուժանի բնաշխարհից: Պրոֆեսորը ներկայացրեց սփյուռքահայ գործչի անցած ճանապարհը, կյանքի ճակատագրական դրվագները և հայապահպան ջանքերը:
Ճակատագրի հեգնանքով հինգ տարեկանում Համբարձում Մարտիրոսյանը կորցրել է հայրենիքը, դարձել վտարանդի, շրջել երկրերկիր, բայց նպատակը մեկն է եղել՝ մտքով ու գրով ծառայել հայրենիքին:
Բանաստեղծն անկեղծանում է՝ սկսել է թրքախոսությամբ, բայց հաղթահարել է և հայացել՝ մկրտվելով Բեողլիի Սուրբ Երրորդության եկեղեցում:
«Սփյուռքում ուսուցիչ կամ լրագրող աշխատելը շատ դժվար է. մենք կնմանինք այն նավավարին, ով հոսանքին հակառակ կնավավարե»,-ասում է Համբարձում Մարտիրոսյանն ու վստահեցնում. «Բայց մենք դասալիք չենք դառնա, որովհետև պիտի պահենք հայերենը»:
Նրա կարծիքով՝ գեղեցիկ, ճոխ ու հարուստ արևմտահայ լեզուն մեր օրերում նահանջում է. պետք է տեր կանգնել լեզվին: Նա ուսանողներին խորհուրդ տվեց նվիրվել ուսուցչական աշխատանքին ու երբեք չընկրկել դժվարությունների առաջ:
Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով. բացահայտվեց, որ բանաստեղծի կարգախոսն է՝ աշխատել ու աշխատել, իսկ կյանքի ամենամեծ ձեռքբերումը՝ նպատակներ ձևավորել ու հաջողել:
Նա ուսանողներին խորհուրդ տվեց մանկավարժի՝ մարդակերտումի աշխատանքում չփնտրել մեծագույն պատիվներ:
Ներկաները շնորհակալություն հայտնեցին սփյուռքահայ գործչին հյուրընկալության և հայրենագիտական դասի համար: