Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Սվետլանա Մուրադյանի նախաձեռնությամբ ապագա հատուկ մանկավարժների 3-րդ կուրսի ուսանողները եղան Երևանի համար 2 հատուկ (օժանդակ) դպրոցում:
Բարեգործական այցի ընթացքում ուսանողներն աշակերտների համար և հենց նրանց մասնակցությամբ հանդես եկան միջոցառմամբ, կազմակերպեցին խաղ-մրցույթներ, նրանց փոխանցեցին նվերներ:
Ի դեպ, Հատուկ կրթության ֆակուլտետը նման բարեգործական այցեր հատուկ հաճախ է կազմակերպում:
Դասախոս Սվետլանա Մուրադյանի կարծիքով՝ նման այցերը կարևոր են հատկապես հատուկ մանկավարժների համար, քանի որ հատուկ մանկավարժի և հոգեբանի աշխատանքում խիստ կարևոր է նաև մարդասիրական գործոնը. «Նրանք շարունակական պրակտիկայի ընթացքում էլ առնչվում են նման երևույթի հետ և փորձում այնպես անել, որ հուզական վիճակները չխանգարեն հատուկ մանկավարժի կամ հոգեբանի արդյունավետ աշխատանքին»:
Դասախոսը վստահեցրեց, որ նման այցերը կլինեն շարունակական, կկազմակերպվեն միջոցառումներ նաև հատուկ կրթական այլ հաստատություններում: