Օրհներգ, աղոթք, հայրենասիրական երգեր, քոչարի՝ սրանք են դարեր ի վեր և առավելապես հիմա միավորում աշխարհով մեկ հուլունքների պես սփռված հայերին, որոնց բոլոր կոչերը միասնական լինելու, երկգագաթ լեռը մեկը դարձնելու, կրկին քարից հաց քամելու մասին է:
Կուլտուրայի ֆակուլտետի Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա և Հեռուստառեժիսուրա բաժինների տարբեր կուրսերի ուսանողները «Բեմական խոսքի վարպետություն» առարկայի շրջանակում հանդես եկան «Բառերից այն կողմ» խորագրով ներկայացմամբ՝ նվիրված Անկախության 25-ամյակին:
Ներկայացման հեղինակը առարկայի դասավանդող Գրիզելդա Ամիրյանն ու Հակինթ Բաղդասարյանն էին, ովքեր չշրջանցելով ապրիլյան քառօրյա սահմանային գործողությունները՝ ներկայացմանը հաղորդել էին նաև հայրենասիրական շունչ ու ոգի:
18-ամյա պատանին քաջածանոթ է սեփական ժողովրդի պատմությանը, վստահ է՝ մեղավոր են բոլոր ազգերն էլ, որ շահից դրդված հայոց հողը բաժանել են երկու մասի, գիտի՝ բոլոր ժամանակներում հայը մի ձեռքով կառուցում է, մյուսով՝ կռվում. «Աստծո արդար հրամանով հայն իր արդար դատը կանի, իսկ դուք, մոմի փոխարեն ավելի լավ է ձեզ վառեք»,-այս է ուսանողների կոչը միջազգային հանրությանը, ով ի լուր ամենքին հայտարարում է՝ հայրենիքում է հայի ապագան, Հայատանում մնացեք կանգուն:
Երկրորդ հատվածում փոքրիկ բեմադրություններով ներկայացվեցին Չառլի Չապլինի «Նամակ դստերը» և Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նամակ մահից առաջ»-ից հատվածներ:
Դասախոսներ Հակինթ Բաղդասարյանն ու Գրիզելդա Ամիրյանը բարձր գնահատեցին ուսանողների 2-ամսյա աշխատանքը՝ ընդգծելով, որ ապագա ռեժիսորները նույնպես օժտված են դերասանին բնորոշ հմտություններով, ունակություններով:
«Ներկայացման մեջ զուգակցված են մի քանի ժանրեր, որոնց ուսանողները տիրապետում են բարձր վարպետությամբ: Հաճելիորեն զարմանալի է հատկապես առաջին կուրսեցիների՝ խոսքի, երաժշտության և այլ հմտությունների ունակությունները»,- նշեց Հակինթ Բաղդասարյանն ու կարևորեց առարկան բեմում և հանդիսականների առջև ներկայացնելը:
Գրիզելդա Ամիրյանը ներկայացման սցենարի հեղինակն է, ով old.aspu.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ վերջին դեպքերը մղեցին ներկայացման յուրաքանչյուր րոպեում ներդնել հայրենասիրական շունչ ու ոգի. «Հայրենիքը թանկ է ամեն ինչից: Յուրաքանչյուրս պետք է հիշենք, որ աշխարհ ենք եկել մի լավ բան անելու, մեզնից հետո մի բան թողնելու համար»,-նշեց դասախոսն ու հավելեց՝ ներկայիս երիտասարդները ազնիվ են, աշխատասեր և առավել քան հայրենասեր:
Ներկայացումն ավարտվեց ուսանողների՝ մասնագիտության հանդեպ խոստովանությամբ. «Դուք կարո՞ղ եք չսիրել թատրոնը: Բեմը աշխարհ է, ծնունդ է, ստվեր. թե լռեն երգերը ու մեռնեն դերերը, մեր երազը բեմն է»: