ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցի 4ա դասարանի ավարտական հանդեսը։
Դպրոցի սաների հրաժեշտը տարրական դպրոցին նշանավորվեց յուրատեսակ «Ոսկե աստղեր» մրցանակաբաշխությամբ․ հաղթողներն իրենց դասավանդող ուսուցիչներն էին, որոնք սովորեցրել են լեզուներ, ուղեկցել գիտելիքների կախարդական աշխարհում, կոփել են ֆիզիկապես, սովորեցրել են սիրել հայրենիքը, աշխատանքը, բնությունն ու ճանաչել կյանքը։ Մրցանակաբաշխությունն ուղեկցվում էր նաև երգով, պարով, լավ տրամադրությամբ։
Բացի պարգևներից, նրանք իրենց հարգանքի, շնորհակալության խոսքերն ուղղեցին ուսուցիչներին, որ իրենց կրթել են ու տվել լավագույնը՝ գիտելիքի աշխարհ մուտք գործելու ուղին ու բանալին։
Դպրոցի սաները շնորհակալություն հայտնեցին նաև դասվար Ագրաֆինա Հովհաննիսյանին՝ իրենց կրթության ու դաստիարակություն գործը պատվով իրականացնելու համար և խոստացան բարձր պահել և' դպրոցի, և' ուսուցիչների պատիվը։
Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհավորեց երեխաներին, մաղթեց հաջողություններ և հույս հայտնեց, որ տարրական դպրոցի հաջողություններն ու բարձր առաջադիմությունը նրանք կշարունակեն նաև հիմնական դպրոցում։
Դասվար Ագրաֆինա Հովհաննիսյանը հիմնական դպրոց է ճանապարհում արդեն 11-րդ սերնդին։ Խոստովանում է՝ ամեն մեկն իր յուրահատկությունն ունի․այս դասարանը տարբերվում է իր ներուժով, ակտիվ ու բարձր առաջադիմությամբ աշակերտներով։ Ուսուցիչը վստահ է՝ ճանապարհում է կիրթ ու բանիմաց, հայրենասեր ու ակտիվ աշակերտների, որոնք իրենց ձեռքբերումները կկրկնապատկեն հիմնական դպրոցում։