Օրերս Մանկավարժական համալսարանի նորաբաց Ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման «Պուշկինի ինստիտուտ» կենտրոնում Օտար լեզուների ֆակուլտետի արտասահմանյան գրականության և գերմանական լեզուների ամբիոնների նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան՝ նվիրված ռոմանտիզմի վառ ներկայացուցիչ, XIX դարի մեծանուն անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնին:
Ձեռնարկին ներկա էր բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:
«Գյավուր», «Աբիդոսյան հարսնացուն», «Կորսար», «Հրեական մեղեդիներ», «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը», «Դոն Ժուան», «Մազեպա», «Կայեն» հրաշակերտ ստեղծագործությունների հեղինակի, նրա բազմակողմանի հզոր տաղանդի, ռոմանտիկ-արկածային վեպի պես իրադարձություններով հարուստ կյանքի մասին ներկայացրին արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսները:
Ջորջ Բայրոնի ստեղծագործություններին անդրադարձել են Թումանյանը, Լերմոնտովը, Բրյուսովը, Մարշակը և շատ ուրիշներ. ականավոր անգլիացու ստեղծագործությունների հայերեն և ռուսերեն թարգմանությունները հանգամանորեն, խոր համեմատական վերլուծությամբ ներկայացրեցին պրոֆեսորներ Ելենա Մխիթարյանն ու Ռուզան Թադևոսյանը:
Միջոցառման ընթացքում խոսվեց նաև հայ ազգի և հայոց լեզվի նկատմամբ Բայրոնի առանձնահատուկ վերաբերմունքի մասին.«Ինչպիսին էլ որ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն մինչև այս դառն է եղել, ինչ էլ որ նրանց չսպասի ապագայում՝ իրենց երկիրը պետք է միշտ լինի ամենահետաքրքրականներից մեկը աշխարհում…», - գրել է բանաստեղծը:
Զեկուցողները նշեցին, որ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյանների միաբանության գործիչների օգնությամբ Բայրոնն ուսումնասիրել է հայոց լեզուն և պատմությունը, գիտնական, բառարանագիր և թարգմանիչ Հարություն Ավգերյանի հետ համատեղ հրատարակել անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն քերականության դասագրքերը, օգնել է անգլերեն-հայերեն բառարանի ստեղծմանը, հայերենից անգլերեն թարգմանել է երկու թուղթ Նոր կտակարանից, երկու գլուխ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», հատվածներ՝ Ներսես Լամբրոնացու «Ճարտասանությունից», Աստվածաշնչի այն մասերը, որոնք պակասել են անգլերեն թարգմանության մեջ:
Մասնակիցները հիշեցրին նաև, որ Բայրոնի անունով է կոչվել Գյումրիում երկրաշարժից հետո անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը՝ ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը:
Կլոր սեղանի մասնակիցները Բայրոնի բանաստեղծություններն ընթերցեցին անգլերեն, հայերեն, ռուսերեն լեզուներով:
«Տարբեր լեզուներով հնչող մեծ բանաստեղծի անզուգական պոեզիան առավել հուզականություն հաղորդեց գեղեցիկ և հագեցած միջոցառմանը»,-նշեց պրոֆեսոր Ռուզաննա Թադևոսյանը՝ նկատելով, որ կլոր սեղան կազմակերպելու նախաձեռնությունը ֆակուլտետում կլինի մշտական՝ դառնալով գիտա-մշակութային ավանդույթ: