Մանկավարժական համալսարանի «Անի» վոկալ անսամբլն ու Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողներն այսօր հանդես եկան համերգային ծրագրով:
Ֆակուլտետի Լարային քառյակի և ուսանողների նվագակցությամբ համերգի ընթացքում հնչեցին ամանորյա հանրաճանաչ, ինչպես նաև ֆիլմերից հայտնի երգեր՝ զուգահեռ ներկայացնելով ստեղծագործությունների հետ կապված տեղեկություններ:
Ի դեպ, նվագախումբը ղեկավարում էին ուսանողները, ինչը յուրօրինակ փորձ է ապագա խմբավարների համար:
Իրենց կատարումներով ուսանողները շնորհավորեցին բուհի հիմնադրման 95-ամյակն ու ներկաների Ամանորը՝ հույս հայտնելով, որ կարողացան երաժշտության կախարդիչ ուժի շնորհիվ հաճելի պահեր պարգևել հանդիսատեսին:
Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչ Սարգիս Էլբակյանը բարձր գնահատեց ուսանողների՝ համերգային ծրագրով հանդես գալու նախաձեռնությունը և հավելեց, որ այն պիտի օրինակ լինի այլ ուսանողների համար ևս:
«Սա ստեղծագործական մասնագիտություն է, ուստի շատ դժվար է ուսումնական պրոցեսը բերել բեմ»,-նշեց Սարգիս Էլբակյանն ու վստահեցրեց, որ սա մեծ ձեռքբերում է ուսանողների համար:
Համերգի գեղարվեստական ղեկավար, Երաժշտության մանկավարժության ամբիոնի ասիստենտ Սուսաննա Պետրոսյանը ևս գոհ է ուսանողների աշխատանքից. նրանք իրենց աշխատասիրությամբ և կատարողական բարձր վարպետությամբ մի մեծ քայլ կատարեցին իրենց մասնագիտության մեջ:
Սուսաննա Պետրոսյանն ափսոսանքով է նշում՝ երբեմն տարվելով քննություններով, ուսանողների մոտ երկրորդ պլան է մղվում ստեղծագործական աշխատանքը, իսկ ապագա խմբավարների համար նման համերգներով հանդես գալը խիստ կարևոր է: