Մանկավարժական համալսարանում կայացավ «Կյանքը և փիլիսոփայությունը» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը:
Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի 90-ամյակին նվիրված ձեռնարկի հագեցած և բովանդակալից աշխատանքներն ամփոփեց Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը՝ կարևորելով, որ գիտաժողովին մասնակցել են Հայաստանի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ռումինիայի, Հունգարիայի 70-ից ավելի հետազոտողներ և գիտնականներ:
Վերջինս տեղեկացրեց, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվել է 53 զեկուցում՝ իմացության տեսության, հաղորդակցման, փաստարկման և հռետորության, սոցիալական փիլիսոփայության, մանկավարժության ու հոգեբանության և այլ հիմնախնդիրների վերաբերյալ. «Հատկանշական է, որ մասնակիցների շարքում կան ինչպես միջազգային գիտական հանրությանը քաջածանոթ, հեղինակավոր գիտնականներ, այնպես էլ գիտության բնագավառում իրենց առաջին հաստատուն քայլերը կատարող երիտասարդ հետազոտողներ: Զեկուցումների քննարկումները կհամարվեն փորձաքննություն և դրանց մեծ մասը որպես գիտական հոդվածներ կհրապարակվեն ամբիոնի «Իմաստասեր» գիտական հանդեսում»,-հավելեց բանախոսը:
Հովհաննես Հովհաննիսյանն իր ամփոփիչ ելույթում կարևորեց նաև գիտաժողովի շրջանակներում անցկացված միջազգային մեծ ճանաչում ունեցող 4 փիլիսոփաների բաց դասախոսությունները, ծրագրից դուրս բուհական համակարգում տեղի ունեցող փոխակերպումների և կառավարման արդի հիմնախնդիրների վերաբերյալ բուհերի դասախոսների համար Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համասարանի պրոֆեսոր, ակադեմիկոս Քաջիկ Օհանյանի կողմից անցկացվող սեմինար-քննարկումը, ինչպես նաև հատուկ ընդգծեց ՀՊՄՀ-ի Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի անվանակոչումը ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անունով.«Մասնակիցների ներկայացուցչական կազմն ու գիտաժողովի վերաբերյալ արձագանքները լավագույն վկայությունն են բրուտյանական գործի և ժառանգականության շարունակականությանը»:
Ակադեմիկոսի աշակերտն ուսուցչին բնութագրեց իբրև մի անհատի, ում համար չկար կյանք առանց փիլիսոփայության և փիլիսոփայություն առանց կյանքի.հետաքրքիր էին նրա կյանքի դասերը, այն, որ ակադեմիկոսը երջանկություն էր գտնում գիտությամբ զբաղվելու, սաներ ունենալու և նրանց հաջողություններով հպարատանալու մեջ:
«Հոգեբանությունը հաստատել է, որ տաղանդը բազմակողմանի և բազմաբովանդակ է.ակադեմիկոս Բրուտյանի գիտական, հետազոտական, մանկավարժական գործունեությունն ահռելի է»,-ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծելով միջոցառման կարևորությունը մեջբերեց ակադեմիկոսի 80-ամյակին նվիրված նրա աշակերտներից մեկի՝ պրոֆեսոր Ռոբերտ Ջիջյանի խոսքերը.«Գեորգ Բրուտյանն աչքի էր ընկնում ոչ միայն իր տաղանդի բազմակողմանիությամբ, այ նաև մտահաղացումների խորությամբ և նվաճումների անհասանելիությամբ: Վերջին բնութագրերը բնորոշ են ոչ թե կարճատև փայլատակող տաղանդներին, այլ ճշմարիտ հանճարներին: Ակադեմիկոսը մեր օրերի Դավիթ Անհաղթն է, ինչպես իր հետաքրքրությունների վեկտորի փիլիսոփայական-տրամաբանական ուղղվածությամբ և գիտական նվաճումների լայն ծավալով, այնպես էլ՝ միջազգային հաղթանակներով և համաշխարհային փառքով»:
Սրբուհի Գևորգյանը գիտաժողովի մասնակիցներին հանձնեց մասնակցության հավաստագրեր:
Հանդիսավոր արարողությունն ամփոփվեց ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ համերգային ծրագրով: