ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բուհ-դպրոց համագործակցությունը շարունակվում է
07.02.2022
Բուհ-դպրոց համագործակցությունը շարունակվում է

Օրերս ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի  և Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Հուշագրի ստորագրմանը նախորդել էր «Հարյուր արևներից էլ պայծառ» լուսանկարչական ցուցահանդեսը. մեկշաբաթյա ցուցահանդեսում ներկայացված էին բուհի ավարտական կուրսերի ուսանողների և տարբեր տարիների շրջանավարտների՝ շուրջ   60 լուսանկարչական աշխատանք:

Ցուցադրությանը ներկա էին մտավորականներ, արվեստագետներ, ոլորտի ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ամբիոնի պրոֆեսոր Սերգո Երիցյանը։

Լուսանկարչական աշխատանքները մեծ հետաքրքրություն առաջացրին աշակերտների շրջանում.առաջիկայում դպրոցում կգործի լուսանկարչական խմբակ:

Մասնակիցները կծանոթանան կերպարվեստի և լուսանկարչության ստեղծման պատմությանն ու զարգացմանը,  հայ և համաշխարհային կինոարվեստի օպերատորական լավագույն գործերին, աշխարհահռչակ լուսանկարիչների, գեղանկարիչների ու քանդակագործների աշխատանքներին, կցուցադրվեն ֆոտոտեսանյութեր:

Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Երզինկյանին՝ երկարատև և արդյունավետ համագործակցության համար և վստահեցրեց՝ դպրոցն իր աջակցությունն ու պատրաստակամությունը կցուցաբերի երկուստեք միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:

Տնօրենը վստահ է՝ հուշագիրն ու դրա արդյունքում  նախատեսված մասնագիտական հանդիպումները կօգնեն լուծել նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման խնդիրները:

Հուշագրի ստորագրումից հետո Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը շնորհակալագրեր հանձնեց Ռուբեն Երզինկյանին, ցուցահանդեսի  կազմակերպիչ, ՀՊՄՀ դասախոս Արմեն Խաչատրյանին, ինչպես նաև լուսանկարչական ցուցահանդեսի մասնակիցներ  Անահիտ Աբրահամյանին, Էռնա Պարոնյանին, Հրանուշ Վարդանյանին, Նինա Դեղոյանին, Արամ Խաչատրյանին, Մանուել Ստեփանյանին, Յուրի Կարապետյանին, Տիգրան Իսկանդերյանին, Ակսել Թահմասյանին, Միքայել Առաքելյանին։