Այսօր Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Լավագույն ընթերցող» միջոցառումը, որն այս տարի 6-րդն էր:
Միջոցառումը մեկնարկեց Տեր-Թորգոմ վարդապետի օրհնությամբ ու տերունական աղոթքով.վերջինս նկատեց՝ ամեն տարի համոզվում է՝ բուհի գրադարանն իրական հոգևոր միջավայր է:
76 լավագույն ուսանող, 5 աշակերտ՝ բուհի հիմնական և ավագ դպրոցներից, 10 ամենաընթերցված դասախոս, լավագույն ֆակուլտետային ընթերցողների լուսանկարներով և կեսնագրությամբ տպագրված գրքույկներ.Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ձեռնարկի մեկնարկին խոստովանեց՝ տարիներ առաջ նման արդյունք չէր սպասում.«Համոզված եմ, որ մարզերից եկած ծնողները հիացած են բուհի ընձեռած հնարավորություններով և գրադարանի հագեցվածությամբ.իմ սերունդը նման գրադարան չի տեսել»:
Տնօրենը շնորհավորեց և վկայականներ հանձնեց ընթացիկ տարվա՝ բակալավրիատի, մագիստրատուրայի առկա և հեռակա բաժինների լավագույն ընթերցողներին. տարվա ընթացքում նրանք օգտվել են 150-ից, իսկ հաղթողը՝ 400-ից ավելի տպագիր նյութերից:
2015 թվականի «Լավագույն ընթերցող»-ը Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Արմենուհի Մելքոնյանն էր, այլ ֆակուլտետների լավագույնները՝ Թեհմինե Մակոյանը, Անահիտը Հովակիմյանը, Մարիամ Մելքանյանը, Լիանա Մանուկյանը, Գագիկ Ավետիսյանը, Գայանե Պետրոսյանը, Սիլվա Գևորգյանը, Արաքսյա Մահտեսյանը, Մարիամ Սարգսյանը, Ավետիք Կարճիկյանը: Վերջինս, ի դեպ, սոցիալական ցանցում անցկացված քվերակության արդյունքում հաղթեց «Համակրանք» անվանակարգում:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս լավագույն ընթերցողներ ընտրվեցին ՀՊՄՀ Հենակետային վարժարանից և ՀՊՄՀ № 57 հիմնական դպրոցից՝ Թագուհի Ասաանյանն ու Գայանե Գալոյանը:
Ի դեպ, 4-րդ տարին անընդմեջ բուհից դուրս ամենապահանջված հեղինակ ճանաչվեց անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը, իսկ բուհից՝ 10.000 անգամ պահանջված հեղինակ՝ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հակոբ Գրիգորյանը:
Լավագույն ընթերցողներին շնորհավորեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ով ձեռնարկը համարեց իրադարձություն և բացառիկ իր բովանդակությամբ: Ռեկտորն ընդգծեց՝ ձեռնարկի գաղափարն ամբողջությամբ գրադարանի տնօրենինն է.ի դեպ, հենց նրա առաջարկով «Լավագույն ընթերցող»-ն ուսումնառության ընթացքում այսուհետ կստանա 2 կրեդիտ, իսկ մյուս լավագույնները՝մեկական:
Ռուբեն Միրզախանյանը «Լավագույն ընթերցող» Արմենուհի Մելքոնյանին հանձնեց Մոսկվայում լույս տեսած իր և արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի հեղինակած «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» պատկերազարդ ալբոմը:
Խրախուսման պակաս չունեցան նաև մրցույթի մյուս մասնակիցները.նրանք ֆակուլտետների դեկաններից ստացան տարատեսակ նվերներ,իսկ բուհից՝ ՀՊՄՀ-ի Աղավնաձորի ուսումնական բազայում ձմեռային հանգիստն անցկացնելու հնարավորություն:
«Լավագույնը լինելը մեծ պատիվ է. յուրաքանչյուր մարդ պետք է արժանի լինի այդ կոչմանը: Մարդիկ հաճախ ասում են, թե ազատ ժամանակ գիրք են կարդում.այնինչ դա պետք է անել ոչ թե ազատ, այլ ամենակարևոր ժամանակ: Իմ ժողովածուն հրատարակելիս Տիգրան Պետրոսյանցն ասաց, որ, եթե կա մի տող, որը շատ կարևոր է և իմաստալից, այդ մի տողի համար արժե այն հրատարակել: Շարունակելով նրան խոսքն ուզում եմ ասել, եթե կա մի գիրք, որում կա մի տող, որը շատ կարևոր է, այդ մի տողի համար արժե գիրքն անպայման ընթերցել»,-շնորհակալություն հայտնելով՝ նշեց Արմենուհի Մելքոնյանը:
Ձեռնարկին ներկա էին նաև բուհի նախկին շրջանավարտները, տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, ընթերցասեր հասարակություն. նրանցից շատերը ևս իրենց բարեմաղթանքները հղեցին լավագույն ընթերցողներին, իսկ բուհի նախկին շրջանավարտ «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանն էլ ուսանողներին փոխանցեց ՀՊՄՀ-ի մեկ այլ, առավել հայտնի շրջանավարտ, գրող Հրանտ Մաթևոսյանի պատգամը՝ չկորցնել հավատը հայ գրի և գրչի հանդեպ: