ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ճանաչենք Բելառուսը՝ կրթությունից մինչև մշակույթ»
13.07.2016
«Ճանաչենք Բելառուսը՝  կրթությունից մինչև  մշակույթ»

Հայկական պետական մանկավարժական համալսարանը Հայաստանի առաջատար մանկավարժական բուհն է, որն իր միջազգայնացման ռազմավարության շրջանակներում արդեն 5-րդ տարին կազմակերպում է «Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը:

Ծրագրի շրջանականերում ՀՊՄՀ-ի 11 ուսանող հուլիսի 1- 10-ը մեկնեցին Բելառուսի Հանրապետություն, որտեղ տասն օր շարունակ ծանոթացան երկրի կրթական համակարգին, պատմամշակութային արժեքներին:

Ուսանողներն այցելեցին երկրի պատմական դղյակները, տոհմական կալվածքները, հնագույն եկեղեցիներ, Հայրենական Մեծ պատերազմին նվիրված Բելառուսի Հանրապետության պետական թանգարան, որտեղ ներկայացված է այդ ժողովրդի նշանակալի պատմությունը:

Ապագա մանկավարժները եղան նաև Ազգային ճարտարապետության ու կենցաղի Օզերցո գյուղում, գիր ու գրականության Զասլավլ քաղաքում, Ազգային գրադարանում, Մանկական երկաթուղում:

Հատկանշական է, որ այս տարի ‹‹Ամառային դպրոց›› ծրագրով ուսանողները Բելառուսի Հանրապետություն մեկնեցին հուլիսին, երբ հյուրընկալող երկրում նշում են անկախության օրը, և, որի, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումների մասնակիցը եղան նաև ՀՊՄՀ-ականները:

Ուսանողներին ընդունեցին նաև ‹‹Սպուտնիկ›› ճամբարի մանկավարժ ղեկավարներն ու երեխաները, որտեղ ուսանողները պատրաստեցին ազգային ուտեստներ, սովորեցին բելառուսական ազգային երգ ու պար, նշեցին ‹‹Իվան Կուպալա›› ամենամյա տոնը:

Բելառուսի Հանրապետության Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանում ուսանողները հանդիպում-քննարկումների ժամանակ ծանոթացան բուհի կրթական համակարգին, մասնավորապես՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կազմակերպմանը, երկրի հին ու նոր պատմությանն ու մշակույթին, այցելեցին կառույցի ‹‹Գեղարվեստի›› և ‹‹Սպորտի›› ֆակուլտետներ, ապա ներկայացրին նաև Հայկական պետական Մանկավարժական համալսարանի կրթական համակարգը:

Հանդիսավոր փակման ժամանակ ուսանողներին հանձնվեցին վկայականներ և հուշանվերներ:

«Տասնօրյա ծրագիրը տպավորիչ ու հիշարժան էր, որի շրջանակներում ծանոթացանք բարեկամ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, ստացանք նոր գիտելիքներ և ձեռք բերեցինք ընկերներ »,-old.aspu.am-ի հետ զրույցում իրենց տպավորություներով կիսվեցին աբովյանականները:

Ծրագրին մասնակցում էին ուանողներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Չեխիայի, Բանգլադեշի Ժողովրդական և Բելառուսի Հանրապետություններից: