ՀՊՄՀ Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչ, երաժիշտ-տեսաբան Աննա Հարությունյանի և Շաքե Հովհաննիսյանի մեթոդական աշխատանքները լավագույնն են ճանաչվել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի շրջանականերում հայտարարված մրցույթում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացված օլիմպիադան գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի՝ սոլֆեջոյի գծով ստուգատես-մրցույթ էր: Այն անցկացվեց 2 փուլով՝ ՀՀ մարզերում և Երևանում:
Օլիմպիադան միտված էր ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում «Սոլֆեջո» առարկայի դասավանդման որակի բարձրացմանը, առաջավոր մանկավարժական փորձի հանրահռչակմանը, դասավանդման լավագույն մեթոդական մոտեցումների շտեմարանի ձևավորմանը, ոլորտի մասնագետների գործունեութան խրախուսմանը, նրանց հետագա կատարելագործմանը:
«Փայտփորիկ» օլիմպիադայի շրջանակներում հայտարարվել էր նաև սոլֆեջոյի դասավանդման լավագույն մեթոդական աշխատանք-ուղեցույցի մրցույթ, որն ընդգրկում էր դասընթացի առարկայական ծրագրի՝ «Ինտոնացիոն վարժությունները և թերթընթերցումը սոլֆեջոյի դասընթացում», «Տեսական գիտելիքները (երաժշտական գրագիտություն) որպես սոլֆեջո դաընթացի կարևոր բաղկացուցիչ, «Ռիթմիկ զգացողության զարգացում» դասընթացների դասավանդման նորարարական կամ հեղինակային մեթոդին:
Մրցույթին հայտ էր ներկայացրել 7 մասնակից.հեղինակավոր ժյուրիի որոշմամբ լավագույնը ճանաչված և դրամական պարգևի արժանացած երաժիշտ-տեսաբանների մեթոդական աշխատանքները նախատեսված են երաժշտական և արվեստի դպրոցների համար:
Ինչպես old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչ Աննա Հարությունյանը՝ աշխատանքներից կազմված բրոշյուրները կփոխանցվեն հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներին:
Ի դեպ, վերջինս 2017 թվականից հեղինակում է երաժշտական տետրեր՝ նախատեսված երաժշտական դպրոցների համար: