Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը՝ դեկան Գագիկ Դեմիրխանյանը գլխավորությամբ և ուսանողների մասնակցությամբ քննարկեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նրանք ներկայացրին նախագծի վերաբերյալ իրենց մտահոգություններն ու հնչեցրին առաջարկներ բուհի ակադեմիական, կադրային և ֆինանսական ոլորտների վերաբերյալ:
Ըստ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ պրոֆեսորի պաշտոնակատար Արսեն Թարոյանի, առաջին սխալը սկսվում է նախագծի անվանումից՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենք. «Չի կարելի նույն օրենքը կիրառել և կրթության, և գիտության համար, այդ սահմանը հստակ տարանջատել է պետք»,-ընդգծեց նա:
«Օրենքը չունի նախաբան, նշված չեն հեղինակների անունները, կան լուրջ հակասությունններ, անգամ տառասխալներ և իմաստային անհասկանալի ձևակերպումներ»,- արձանագրեց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար Գագիկ Դեմիրխանյանը, անդրադառնալով նաև օրենքի նախագծում ներառված ֆինանսական ձևակերպումների շուրջ իր մտահոգություններին:
Օրինագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ իր նկատառումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացրեց տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Բորիս Խոդերյանը:
Քննարկվեցին կրթության որակի ապահովման, պրոֆեսորադասախոսական կազմի զբաղվածության խնդիրները. դասախոսները խնդրահարույց համարեցին օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը, ըստ որի 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, և ռեկտորը կարող է նրա հետ կնքել մինչև 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր:
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Հարությունյանը վստահեցրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում առկա հիմնադրույթները չպետք է հակասեն տվյալ երկրի օրենսգրքին. «Միջազգային կազմակերպությունների ներկայացրած ծրագրերը չպետք է ունենան առավելություններ և տեղի օրենքներին հակասելու դեպքում չպետք է նախապատվությունը տալ վերջիններին»:
Ներկաները միաձայն արձանագրեցին՝ պրոֆեսորադասախոսական կազմի, գիտնականների աշխատանքի տարիքային սահմանափակումը անհատի շահերի հանդեպ ոտնձգություն է. պետք է բացառվեն բոլոր տեսակի տարիքային սահմանափակումները:
Դեկանը ելույթ ունեցողներին հորդորեց ի մի բերել քննարկման ընթացքում հնչած տեսակետները, առաջարկներն ու դիտողությունները և մշակել համապատասխան փաստաթուղթ: ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի դիրքորոշումն ու առաջարկությունները կներկայացվեն ՀՊՄՀ ռեկտորին, ապա կտեղադրվեն բուհի կայքում և կուղարկվեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: