ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշակերտական աշխատանքների ցուցադրություն
07.10.2016
Աշակերտական աշխատանքների ցուցադրություն

Կերպարվեստ և գծագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողները մանկավարժական պրակտիկայի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում կազմակերպել էին «Բարև աշուն» խորագրով ցուցահանդես, որին մասնակցում էին ՀՊՄՀ-ի հիմնական և ավագ դպրոցների աշակերտները:

4 շաբաթյա մանկավարժական պրակտիկայի ընթացքում ուսանողները պրակտիկայի ղեկավար Լիլիթ Գրիգորյանի ղեկավարությամբ փորձել են աշակերտներին մոտեցնել արվեստին, զարգացնել նրանց՝ տարբեր ուղղությունների վերաբերյալ ունակությունները՝ ստեղծելով աշնանային թեմայով արված ավելի քան 50 ստեղծագործություն:

Աշակերտներին ոգևորելու, արվեստի հանդեպ սեր արթնացնելու նպատակով կազմակերպված ցուցադրությունը բարձր գնահատեցին ինչպես դպրոցականների ծնողները, այնպես էլ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը՝ այն համարելով պրակտիկայի ընթացքում նախադեպը չունեցող ցուցադրություն:

Ձեռնարկից  ոչ պակաս ոգևորված էին նաև ուսանողները. նրանց կարծիքով՝ մանկավարժական պրակտիկայի գնահատման նոր սկզբունքը թույլ կտա նման ցուցադրությունների, ձեռնարկների միջոցով ավելի լավ արտահայտել ուսանողի մանկավարժական հմտություններն ու աշակերտի հետ համատեղ աշխատանքի արդյունքները:

Աշակերտական աշխատանքների ցուցադրությունը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը:

Ի դեպ, մասնակից երեխաներին կանադահայ նկարիչ  Գեորգի Կասիպյանը նվիրել է նկարչական պարագաներ և այլ նվերներ: