Գեղարվեստական կրթության ֆակուլտետի նախասրահում բացվեց Կերպարվեստի բաժնի մագիստրոսների գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը, ղեկավար՝ մանկ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Արտաշես Քեշիշյան:
Շուրջ 45 աշխատանքներում ուսանողները ներկայացրել են հիմնականում բնորդների՝ փորձելով ճշգրտորեն ներկայացնել կերպարը՝ իր անատոմիական ճշգրտությամբ և բնավորությամբ:
Ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը շնորհավորեց ուսանողներին ցուցադրության կազմակերպման առթիվ և խոստովանեց՝ արդեն երկու օր ուսումնասիրում է աշխատանքները, որոնց մի մասը մեծ վարպետությամբ են կատարված:
Հաճախ կազմակերպվող ցուցադրություններից Արա Հակոբյանը սա առանձնացնում է. ստեղծագործությունները կատարված են ռեալիստական գիտելիքներով, ինչը լուրջ քայլ է արվեստի խորն ու դժվարին կյանքում:
«Վերածննդի ժամանակաշրջանում ինքնահաստատման կարևոր քայլ էր, երբ մեծագույն վարպետներն իրենց սաներին դիմանակար անել էին սովորեցնում. դիմանկարով էր հաստատվում նկարչի էությունը, քանի որ դժվար է տեսնել կերպարին բնորոշ էությունը»,-նշեց Արա Հակոբյանն ու վստահեցրեց, որ պատրաստ են աջակցել բոլոր ուսանողներին մասնագիտական կայացման ճանապարհին:
Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Քեշիշյանը նկատում է, որ ուսանողներին հաջողվել է աշխատանքներում արտահայտել իրենց գիտելիքները, հմտություններն ու կարողությունները:
«Ի տարբերություն բակալավրիատի, որտեղ ուսանողները ձեռք են բերում գիտելիքներ, կատարում ուսումնական առաջադրանքներ, մագիստրատուրայում զարգացնում են ստեղծագործական կարողությունները: Բոլոր աշխատանքները կատարվել են արվեստանոցում՝ բնորդների առկայությամբ և մեր մշտական աջակցությամբ. ընթացքին հետևել եմ, ուղղորդել, բայց չեմ պարտադրել»,-հավելեց պրոֆեսոր Քեշիշյանն ու հավելեց՝ մագիստրոսների մեծ մասը զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասվանդելով դպրոցներում և խմբակներում:
Կերպարվեստի ամբիոնի վարիչի տեղակալ, դոցենտ Միսաք Մելքոնյանն էլ հավելում է ՝ աշխատանքներում միահյուսված է առաջադրանք-ստեղծագործություն գաղափարը, ուր արտահայտված է կոմպոզիցիոն մտածողությունը:
«Ոգևորված եմ, քանի որ այս նկարները ստեղծված են ակադեմիական բարձր գիտելիքների հիմքի վրա: Պետք է օգտագործել և կատարելագործել ունեցած գիտելիքներն ու կարողությունները»,-նկատեց Միսաք Մելքոնյանը:
Գագիկ Ավետիսյանը մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող է, ցուցադրության է ներկայացրել 5 աշխատանք:
«Բնորդներին նկարում ենք այնպիսի բարդ ֆիգուրներով, որ դրանք լինեն ոչ միայն որպես ուսանողական աշխատանքներ, այլև ներկայացնեն որևէ վիճակ պատկերող կոմպոզիցիոն աշխատանքներ: Կերպարվեստում ամենաբարդը մարդ նկարելն է՝ իր անատոմիական ճշգրտությամբ և բնավորությամբ»,- old.aspu.am-ի հետ զրույցում խոստովանեց մագիստրոսը:
Գագիկ Ավետիսյանն նշեց նաև, որ ուսանողական տարիներին ունեցել է անհատական ցուցահանդեսներ, սակայն մեծագույն ձեռքբերում է համարում մանկավարժությամբ զբաղվելը. արդեն իսկ դասավանդում է դպրոցում և նպատակ ունի ուսումը շարունակել նաև ասպիրանտուրայում: