ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցահանդես Մանկավարժականում
08.12.2022
Ցուցահանդես Մանկավարժականում

Այսօր  Մանկավարժական համալսարանում բացվեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկորատիվ-կիրառական արվեստ բաժնի ուսանողնական աշխատանքների ցուցահանդեսը։

Ինքանտիպ ցուցադրությանը ներկայացված էին  արվեստի այդ ճյուղի  բազմապիսի  նմուշներ՝  կարպետներ, բատիկներ, գոբելեններ, փայտի և մետաղի մշակման գեղարվեստական գործեր և այլն։

«Դեկորատիվ-կիրառական արվեստը տարբերվում է արվեստի մյուս ճյուղերից․ այն  իր մեջ ներառում է ոչ միայն ստեղծագործողի ներաշխարհը, բնույթն ու մտածելակերպը, այլև դրանց հետ մեկտեղ  ներկայացնում է մի ավանդույթ, որ դեռևս միջնադարից  հասել է մեր օրեր։ Արվեստի այլ  ճյուղերի համեմատ, այն ունի ևս մեկ առավելություն․ պահպանողական է, իր մեջ կրում է ազգային տարր, հայկականն ու հայի շունչը»,- ցուցահանդեսի բացմանը նշեց ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն ու հորդորեց երիտասարդ-ստեղծագործողներին պահպանել ազգային նկարագիրը․ իրական արվեստն է պահանջում։

Արա Հակոբյանն անկեղծացավ՝ իր համար ևս անակնկալ էր, որ նման կարճ ժամանակահատվածում  հնարավոր  եղավ կազմակերպել բազմաբնույթ ու գունեղ աշխատանքներով  հագեցած ցուցադրություն։

Նկատում է ՝  դեկորատիվ-կիրառական արվեստի գեղարվեստական մի փոքր նմուշ ստեղծելը մտավոր ու ֆիզիկական երկարատև աշխատանք է պահանջում․ այդ ամենը  հնարավոր եղավ նվիրյալ մանկավարժների  աշխատանքի շնորհիվ, որոնք գեղեցիկ ավանդույթներ ունեցող արվեստը փոխանցում են սերնդեսերունդ։

«Դեկորատիվ արվեստի մասին կարելի է անվերջ  խոսել»,- վստահ է հայկական գոբելենը հանրահռչակող, հայի էթնիկ դեմքն ու ազգային արժեքները արվեստի այս ճյուղի միջոցով  ներկայացնող ու պահպանող  ՀՊՄՀ պրոֆեսոր Անուշ Եղիզարյանը։

Վերջինս ընդգծում է՝  արվեստի այս ճյուղն ամենամասսայականն է,  մեր կյանքի անբաժան մասն է կազմում․աշխարհահռչակ ու մեծանուն բազմաթիվ նկարիչներ զուգահեռ հետաքրքրվել ու ստեղծագործել են նաև  այս ոլորտում։

old.aspu.am-ի հետ զրույցում  Անուշ Եղիզարյանը նշեց՝  ցուցադրությանը ներկայացված  է շուրջ 60 աշխատանք․ դրանց հեղինակներն այն ուսանողներն են, որոնց ուսումնառության ընթացքը  համընկավ համաճարակային աղետի, պատերազմի հետ և  ընթացավ օնլայն հարթակում, սակայն չխանգարեց, որ այսօր ներկայացվեն վառ ու գունային առումով կենսուրախ գործեր։

Պրոֆեսոր Եղիզարյանը հորդորեց ուսանողներին չշեղվել մասնագիտական ուղուց․«Դուք եք ներկայի և ապագայի միջև մշակութային կապօղ օղակը»,-հավելեց նա։

Ճաշակ, էսթետիկա, հոգի և ստեղծագործ միտք․ ՀՊՄՀ դասախոս Տիգրան Դավթյանը վստահ է՝  իր ուսանողների՝ կիսաթանկարժեք նյութերով պատրաստված  կանացի արծաթյա  զարդերը ցուցադրությանը հենց դրանով են առանձնահատուկ։

Երիտասարդ ստեղծագործող, ՀՊՄՀ 4-րդ կուրսի ուսանող Մարիա Ջանիբեկյանն էլ խոստովանում է՝ պարտավորեցնող է մեկդարյա բուհի ուսանող լինելը։

Անկեղծանում է՝ Անուշ Եղիզարյանի շնորհիվ ուսումնառության առաջին օրը  80 րոպե  պահանջվեց, որ ինքն ու համակուրսեցիները գնահատեն ու հասկանան արվեստի այս ճյուղի իմաստը, կարևորությունն է ու ապագայի իրենց անելիքները։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչ դեկտեմբերի 13-ը։