ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցահանդես ՝  նվիրված  ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին
13.01.2022
Ցուցահանդես ՝  նվիրված  ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին

Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան 135 հիմնական դպրոցում այսօր բացվեց ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը:

Բուհի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված ձեռնարկին ներկա էր ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

«Սկզբնական  կրթության ֆակուլտետի ստեղծագործական ցուցահանդեսները ավանդույթ  են մեզանում. այն մեր ուսանողների երևակայության, մտքի, ստեղծարարարության յուրատեսակ ստուգատես է: Ցուցահանդեսի բացումը դպրոցում պատահական  չէ և միտում ունի զարգացնել  աշակերտների  ստեղծագործական միտքը, գեղագիտական ճաշակն ու դաստիարակությունը»,-նշեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանն ու հույս հայտնեց, որ միջոցառումը կամրապնդի  երկարամյա համագործակցությունն ու կնպաստի  բուհ-դպրոց կապի  արդյունավետությանը:

Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ միջոցառումը հատուկ խորhուրդ ունի. բուհը նշում է հիմնադրման 100-ամյա գործունեությունը, որով պայմանավորված ցուցադրված են ինչպես ներկայիս ուսանողների, այնպես էլ տարբեր տարիների շրջանավարտների  աշխատանքներ. նրանցից շատերն այսօր դասավանդում են հենց այս դպրոցում:

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց նաև Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան 135 հիմնական դպրոցի  հետ վաղեմի  և արդյունավետ  համագործակցությունը՝ ինչպես ուսումնառության, այնպես էլ տարբեր ձեռնարկների  կազմակերպման շրջանակում, որի նպատակը սերունդների կրթումն ու համատեղ մանկավարժական հարացույց ձևավորելն է. այսօրվա հրամայականն է.««Նոր ուսուցիչ» պատրաստելու հայեցակարգը պետք է լինի բոլորիս միասնական աշխատանքի արդյունքը, իսկ ՀՊՄՀ-ի մասնագիտական և կրթական ծրագրերում դպրոցը կունենան առաջնահերթություն»:

Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 հիմնական դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը դպրոցի աշխատակազմի անունից Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ շնորհավորեց բուհի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և շրջանավարտներին։

Բուհի մեկդարյա հոբելյանի առթիվ Գարեգին Ներսեսյանը ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանին շնորհեց Գագիկ Ստեփանյանի անվան Ոսկե մեդալ։

Տնօրենը շնորհակալություն հայտնեց դպրոցների համար լավ ուսուցիչներ պատրաստելու համար և վստահեցրեց՝ նշանակալի հոբելյանից հետո պարտավորված են ավելի լավ աշխատել և ցույց տալ ՀՊՄՀ-ի 100 տարվա արդյունքը։

 Գարեգին Ներսեսյանը հույս հայտնեց, որ դպրոցի և Մանկավարժական համալսարանի համագործակցությունը կլինի շարունակական։

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու Հեղինե Խաչատրյանն էլ  իր խոսքում նկատեց՝ դպրոցը բուհի վաղեմի բարեկամն է և հավելեց, որ ցուցահանդեսը երկար ճանապարհ ունի անցնելու: Առաջիկայում այն նախատեսված է բուհի գործընկեր այլ դպրոցներում ևս, իսկ վերջին ցուցադրությունը կանցկացվի ՀՊՄՀ 57 հիմնական դպրոցում:

Միջոցառմանը ներկա ՀՊՄՀ պրոֆեսոր Սերգո Երիցյանը բարձր գնահատեց ուսումնական երկու հաստատությունների համագործակցությունը՝ նկատելով, որ բուհ-համալսարան կապը պետք է շատ սերտ լինի.դա  անհրաժեշտ է  վաղվա  արժանի մասնագետներ դաստիարակելու համար.«Ցուցահանեսը խորհրդանշական է և հաստատեց՝ 100-ամյա մանկավարժական կրթության դարբնոցը տարատեսակ ձեռնարկներով պետք է նպաստի մասնագիտական կարողությունների և  որակների բարձրացմանը»։

Միջոցառման ընթացքում Երևանի N135 հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ անցկացվեց ֆլեշմոբ, ներկայացվեց  100-ամյա բուհի պատմությունն  ու ժամանակագրությունը, ևս մեկ անգամ ընդգծվեց  մանակավարժության դերն ու նշանակությունը մեր երկրի կյանքում:

Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսում ներկայացված էր կերպարվեստի ոլորտի 70-ից ավելի աշխատանք:

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ անցկացվող ձեռնարկի նպատակն էր նաև բացահայտել ուսանողների  մասնագիտական որակներն ու կարողությունները: