ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն՝ ամերիկահայ հոգեբանից
20.10.2023
Դասախոսություն՝ ամերիկահայ հոգեբանից

Մանկավարժական համալսարանում էր ամերիկահայ հայտնի հոգեբան-տրավմատոլոգ, «Իմաստալից աշխարհ» ծրագրի նախագահ ու հիմնադիր Անի Գալայճեանը։

Հոգեբանական վնասվածքների մասնագետն արդեն երկրորդ շաբաթն է Հայաստանում․մասնակցում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության ծրագրերին, օգնում հաղթահարել հոգեբանական, հոգեբուժական խնդիրները։

Մանկավարժականում Անի Գալայճեանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ինտեգրատիվ մեթոդների կիրառմամբ ներկայացնելով «7 քայլ՝ հետաղետի բարեփոխման և կազդուրման ձևերը» թեման։

Որոշել մտահոգության աստիճանը, արտահայտել, ազատ արձակել դրանք, փնտրել կարեկցանք, գտնել արդեն իսկ սովորած դրական դասը, հասկանալ՝ ինչն է վերափոխել սթրեսը կամ ընդունել զգացմունքները, մոտ լինել մայր երկրին, խորը շունչ քաշել․ բանախոսն ունի դժվարությունները հաղթահարելու իր բաղադրատոմսը, ինչի շնորհիվ, ըստ նրա, հնարավոր է դառնում զորացնել անձը՝ հոգեպես և ֆիզիկապես։

Անի Գալայճեանը ծնվել է Հալեպում, պատանի տարիքում տեղափոխվել ԱՄՆ և այնտեղ կրթություն ստացել:

Դասախոսության ընթացքում նա նաև սեփական օրինակներով կիսվեց սերնդային տրավմայի բուժման, հաղթահարման վերաբերյալ իր փորձառությամբ, իսկ մասնակիցներին թռուցիկների միջոցով ծանոթացրեց 7 քայլով ինտեգրատիվ բուժման մոդելին՝ հարց ու պատասխանի միջոցով վեր հանելով մի շարք հարցեր․ «Դժվարությունները պետք է փոխեն մեր հայացքը, անհրաժեշտ է ձեռք բերել ներքին համերաշխություն, ինչի շնորհիվ կհեշտանա կյանքը։ Ցանկացած փորձառություն ունի իր զգայական դժվարությունները․ պետք է անդրադառնալ դրանց և լավ օրինակ լինել սեփական անձի համար», -նշեց բանախոսն ու հավելեց՝ կարևորենք հոգեկան առողջությունն ու աջակցենք դրա կարիքն ունեցողներին։