Մանկավարժական համալսարանում բաց դասախոսությամբ հանդես եկավ Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի Հայագիտական ամբիոնի վարիչ, դոկտոր Բալինտ Կովաչը:
Հունգարացի հայագետը հերթական դասախոսության ընթացքում ներկայացրեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայկական սփյուռքի ձևավորումը, զարգացումն ու արդի հիմնախնդիրները:
Բանախոսը խոսեց Հունգարիայի հին և նոր Սփյուռքի միջև առկա հակասություների մասին, անդրադարձավ հայերի կողմից մայրենի լեզվին չտիրապետելու խնդրին՝ ընդգծելով՝ լուծման կարևոր օղակ կարող է լինել Կաթոլիկ համալսարանում հայագիտական ամբիոնի բացումը.«Ամբիոնը կարևոր դեր ունի առկա գրականության միջոցով հայոց պատմությունը ներկայացնելու, Ցեղասպանության մասին հրապարակումների տեսանկյունից»:
Կաթոլիկ համալսարանի Հայագիտական ամբիոնի վարիչը Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ փոխանակային ծրագրերը երկուստեք արդյունավետ համարեց՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ հաղթահարվում են լեզվական անջրպետն ու ծանոթանում կրթական նոր մեթոդներին:
Բալիտ Կովաչն old.aspu.am-ի հետ զրույցում հավելեց՝ առաջիկայում «Գալուտ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համատեղ ամբիոնը Հունգարիայում սովորող ուսանողների համար կսահամանի 5 կրթաթոշակ, որին կարող են դիմել նաև ՀՊՄՀ-ի ուսանողները: