«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախաձեռնությամբ կազմակերպած «Ռուսական հումանիտար նախաձեռնության» ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանում էր Ռուսական պետական հումանիտար համալսարանի լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Իգոր Իսաևը։
Մանկավարժական համալսարանի Ա. Պուշկինի անվան լսարանում ՀՊՄՀ-ի և այլ բուհերի դասախոսների համար ռուս գործընկերը հանդես եկավ ռուսաց լեզվի հնչյունաբանության դասավանդման վերաբերյալ որակավորման բարձրացման դասընթացով, ներկայացրեց լեզվի դասավանդման տեսության և պրակտիկայի կապին վերաբերող մի շարք հարցեր:
Իգոր Իսաևը ներկայացրեց նաև առարկային վերաբերող ոչ միայն տեսական հետազոտություններ, այլև հնչյունաբանությանը վերաբերող ողջ գործիքակազմը, որն անմիջականորեն առնչվում է հնչյունաբանությանը՝ արտասանությանը, գրագետ արտաբերմանը և այլն:
«Դասախոսության հիմքում ընկած էր այն մոտեցումը, թե դասավանդման ընթացքում ինչպես միացնել տեսության ու պրակտիկայի կապը, առարկայի կիրառական հնարավորությունները՝ տեսական հարցերին: Հատկապես մանկավարժական կադրեր պատրաստող բուհի դասախոսների համար թեման արդիկան էր ու անչափ կարևոր»,-նշեց Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն ու հավելեց, որ պրոֆեսորադասախոսական կազմի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ռուսաստանի լավագույն մասնագետներից մեկին, ում դասախոսությունները մշտապես տպավորում են ցանկացած լսարանի։
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում ռուսական մշակույթի կենտրոնի և ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ: