ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն Մանկավարժականում
16.05.2023
Դասախոսություն Մանկավարժականում

ՀՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի հրավերով Բանասիրական ֆակուլտետում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

«Հովհաննես Թումանյանի գենետիկական հայրենասիրությունը» թեմայով դասախոսությանը Անի Եղիազարյանը ներկայացրեց՝ ի՞նչ է ժառանգել Թումանյանը սերունդներին, և ի՞նչ դասեր պիտի քաղենք այսօր:

Բանախոսի ներկայացրած հետաքրքիր պատմությունների շղթայից բացվեց Թումանյան գործչի և մտավորականի բազմաշերտ կերպարը․ «Մի տեղ ինքը Լոռվա սարերի իգիթն է, որը, նախ, փորձում է խաղաղություն բերել, սակայն չի խորշում նաև պայքարից: Հետո Էջմիածնում է՝ Եղեռնից փրկված որբերի կողքին. նա ոչ միայն Ամենայն հայոց բանաստեղծն է, այլև որբերի պաշտելի հայրիկը, նրանց ապավենը: Մի այլ տեղ հայրենիքի համար զոհասեղանին իր զավակների կյանքը դրած հայորդի, Հայաստանի Հանրապետությունը ողջունած մտավորական»,-նշեց Անի Եղիազարյանն ու հավելեց՝Թումանյանն ամենուր է ոչ միայն իր հզոր գրչով, այլև իր ազգանվեր գործունեությամբ:

Դասախոսությունն ուղեկցվեց փաստական հարուստ նյութի ներկայացմամբ, Թումանյանի և ժամանակի, Թումանյանի և ժամանակակիցների հարաբերությունների հայտնի ու անհայտ շերտերի մատուցմամբ:

Սուրեն Դանիելյանը կարևորեց Թումանյանի թանգարանի հետ ամբիոնի բարեկամությունը, որը տարիների պատմություն ունի։

Պրոֆեսորն ընդգծեց՝  բանասեր ուսանողությունը հաճախ է լինում այնտեղ, մասնակցում տարատեսակ ծրագրերի ու դասախոսությունների․ «Չնայած Հովհաննես Թումանյանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը խորությամբ ուսումնասիրվում է ֆակուլտետում, սակայն  անծանոթ են մնում Ամենայն հայոց բանաստեղծի հասարակական գործունեությանը առնչվող դրվագներ, ինչը հնարավոր է լրացնել նման դասախոսություններով»,-կարևորելով հանդիպումը նշեց Սուրեն Դանիելյանը։