«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի, Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ Բանասիրական ֆակուլտետում հյուրընկալվել էր Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Հրաչ Չիլինկիրյանը:
«Արևմտահայերենը 21-րդ դարում» թեմայով դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ լեզվի ճակատագրին՝ ակնկալելով, որ հանդիպումը կվերածվի հետաքրքրական զրույցի՝ պարզելու համար, թե ինչպե՞ս պահպանել արևմտահայերենը:
Հրաչ Չիլինկիրյանը ներկայացրեց Օքսֆորդի համալսարանում արևմտահայերենի պահպանմանը նվիրված աշխատաժողովից մանրամասներ՝ ընդգծելով, որ մասնակիցները՝ գրողներ, հրատարակիչներ ու մամուլի ներկայացուցիչներ, առանձնացրին լեզվի պահպանման վերաբերյալ իրենց առաջարկները:
«Եթե որևէ լեզու պետք է շարունակվի, անհրաժեշտ է նախևառաջ մտածել այդ լեզվով ստեղծագործողների մասին, քանի որ լեզվի կենսունակությունը պահանջում է ստեղծագործական աշխատանք»,-նշեց բանախոսն ու վստահեցրեց, որ դրանում մեծ է հատկապես երիտասարդների դերը. ներկայումս արևմտահայ մշակույթն ու լեզուն պետք է մատուցել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով:
Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոսն այն կարծիքին է, որ պետք չէ խոսել լեզուն ու մշակույթը պահպանելու մասին, այլ անհրաժեշտ է ապրեցնել լեզուն. «Պետք է հղկել արևմտահայերենը պահպանելու գաղափարը՝ սկսելով վաղ տարիքից և ընտանիքից, այնինչ բեռի ծանրությունը մնացել է միայն մտավորականության ուսերին, որը չունի այն կրելու կարողությունը»,-նշեց Հրաչ Չիլինկիրյանն ու հավելեց, որ գալիք 10-ամյակների մասին պետք է մտածել այս պահից սկսած:
Հյուրն անհանգստացած է նաև բարձրագույն կրթության համակարգում արևմտահայերենի դրվածքով, որն իր տեղը զիջել է մի քանի քայլ. Սփյուռքում չկան բարձրագույն կրթության հայալեզու համալսարաններ: Մտահոգություն առաջացնող մեկ այլ հարց է նաև լեզուն բարձր պատվանդանին դնելը. մարդիկ հաճախ խուսափում են խոսել արևմտահայերենով՝ մտածելով հանկարծ չսխալվեն: Բանախոսն առաջարկում է խոսել, սխալվել, սխալների վրա շտկելով՝ բարելավել:
Հանդիպման ընթացքում պրոֆեսորը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, անդրադարձավ նաև Օքսֆորդի համալսարանում հայագիտական աշխատանքների ընթացքին՝ ընդգծելով, որ այն խորն արմատներ ունի:
Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար և բարձր գնահատեց նրա նախաձեռնությամբ Օքսֆորդի համալսարանում արևմտահայերենին նվիրված գիտաժողովի անցկացումը:
«Մենք միշտ զարմանում ենք, թե ինչպես են Սփյուռքի գիտնականները կարողանում օտար լեզուները համադրել հայ մտածողությանը. այսօրվա հյուրն էլ գիտնական է, որ ընդլայնել է իր հետաքրքրությունների շրջանակը՝ հասնելով մինչև 21-րդ դարում արևմտահայերենի ճակատագրի ուսումնասիրում»,-նշեց Սուրեն Դանիելյանն ու իր անհանգստությունը ևս հայտնեց Հայաստանում արևմատահերենի պահպանման խնդիրներին ու անհրաժեշտությանը՝ ափսոսանք հայտնելով, որ այն դեռևս առաջնային դեր չունի պետական ծրագրերում: