Օրերս Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները հյուրընկալել էին Չեխիայի Հանրապետության (Բուդվայզ քաղաք) Հարավային Բոհեմիայի համալսարանի գերմանագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Հանա Անդրաշովային:
Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի կենտրոնում օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի և ռուսաց լեզվի ամբիոնների նախաձեռնությամբ կազմաերպված միջոցառման ընթացքում պրոֆեսոր Հանա Անդրաշովան հանդես եկավ դասախոսությամբ՝ անդրադառնալով ինստիտուցիոնալ բազմալեզվության պայմաններում գերմաներենի դասավանդման ժամանակակից մոտեցումներին: Պրոֆեսորն իր խոսքում շեշտադրեց Եվրախորհրդի լեզվակրթությունն ու լեզվաքաղաքականության սկզբունքները, լեզվական կարողունակությունները։
Հանա Անդրաշովան անցկացրեց նաև գերմաներենի ուսուցման վարպետաց դաս՝ «Մենք քաղաք ենք կառուցում» թեմայով, որին ներկա էին օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի, գերմանական լեզուների և ռուսաց լեզվի ամբիոնների դասախոսներն ու ուսանողները՝ շուրջ 40 մարդ: