Մեկշաբաթյա դասախոսություններով Մանկավարժական համալսարանում է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի դասախոս, Արվեստի պատմության ամբիոնի վարիչ, արվեստի պատմության մասնագետ, դոկտոր Բելա Ժոլտ Սաքաչը:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի տարբեր կուրսերի 15 ուսանողի վերջինս դասավանդում է «Բյուզանդական մշակույթի ազդեցությունը Կենտրոնական Եվրոպայում» առարկան, ինչը նորույթ է ապագա պատմաբանների համար:
Մանկավարժական համալսարանում Բելա Ժոլտ Սաքաչը հանդես եկավ նաև «Պատմական հուշարձաններն ու ժամանակակից դիտողները» թեմայով հանրային դասախոսությամբ և ներկայացրեց, թե ինչպես կարող են պատմական հուշարձաններն ու ժառանգությունը ներկայացվել մեր օրերում:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի կարծիքով՝ դասընթացը կարևորվում է մի քանի տեսանկյուններից. նախ ուսանողները բարելավում են օտար լեզվի վերաբերյալ իրենց գիտելիքները և ձեռք բերում նոր առարկայի վերաբերյալ նոր կարծիքներ, տեղեկություններ:
«Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հետ համագործակցությունն արդյունավետ է ոչ միայն գիտական ու կրթական, այլև մեր երկիրն ու մշակույթը ներկայացնելու տեսանկյուններից»,-նշեց դեկանն ու հավելեց, որ պատմաբանների, արվեստաբանների, արվեստի ու մշակույթի հարցերով հետաքրքրվող մասնագետների և ուսանողների համար այն կարևոր էր ու արդյունավետ: