ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություններ՝ օտարազգի հատուկ մանկավարժից
29.03.2018
Դասախոսություններ՝ օտարազգի հատուկ մանկավարժից

Էրազմուս+ ծրագրի ակադեմիական շարժունության շրջանակներում Մանկավարժական համալսարանում է Ռումինիայի Բրաշով քաղաքի Տրանսիլվանիայի համալսարանի հատուկ կրթության մասնագետ Լաուրա Դավիդը:

Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների համար մեկշաբաթյա դասախոսություններում օտարազգի մասնագետը հանդես է գալիս ոլորտին առնչվող դասախոսություններով՝ անդրադառնալով վաղ մանկական աուտիզմին, հուզական ոլորտի, հենաշարժողական համակարգի խանգարումներին և այլն:

Լաուրա Դավիդի դասախոսությունների հիմքում կոնկրետ օրինակներն են, որոնց միջոցով առավել ճշգրիտ են քննարկվում խնդիրները, դրանց վերաբերյալ մոտեցումներն ու կանխարգելման ուղիները:

old.aspu.am-ի հետ զրույցում Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Թերեզա Ազատյանը նշեց, որ դասախոսությունների ընթացքում Լաուրա Դավիդը խնդիրը դիտարկում և ուսումնասիրում է նաև հայաստանյան փորձը:

«Երկու երկրներում էլ հատուկ կրթության ոլորտի խնդիրները գրեթե նույնն են, հատկապես՝ բարձրագույն կրթական հաստատություններում խնդրահարույց է հենաշարժողական խնդիրներով ուսանողների տեղաշարժը»,-նշեց Թերեզա Ազտյանն ու հավելեց, որ յուրաքանչյուր դասախոսությանը հաջորդում է դասախոսների և ապագա ուսանողների հետ մասնագիտական բուռն քննարկում: