Օրերս Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Միջազգային աստղագիտական միության «Աստղագիտության դասավանդումը դպրոցում» միջազգային ծրագրի հանձնաժողովի ղեկավար Ռոզա Մարիա Ռոսը, հանձնաժողովի անդամ Ալան Փիքվիքը և ծրագրի հայաստանյան խմբի անդամները:
Վերջիններս եռօրյա այցի ընթացքում հանդիպումներ ունեցան Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, հանդես եկան դասախոսություններով:
«Աստղագիտության դասավանդումը դպրոցում» ծրագրի հանձնաժողովի ղեկավար Ռոզա Մարիա Ռոսն www.old.aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ իրենք հետաքրքրված են աստղագիտությունն իր բոլոր մակարդակներում զարգացնելով և դասընթացներն իրականացնում են ամբողջ աշխարհում:
«Իրականում շատ կարևոր է աստղագիտությունը, և գիտություններն ընդհանրապես, ներկայացնել դպրոցական ծրագրերում: Մենք այստեղ ենք, որպեսզի զարգացնենք աստղագիտությունը դպրոցներում՝ հատկապես միջնակարգ դպրոցում»,-նշեց Ռոզա Մարիա Ռոսն ու հավելեց, որ ծրագիրը կարևոր է հատկապես ուսուցիչների համար. այն պետք է տա բավարար տեղեկություններ ոլորտի ու գիտության մասին: Վերջինիս կարծիքով՝ աստղագիտություն դասավանդող ուսուցիչները պետք է լինեն պրոֆեսիոնալ և անընդհատ սովորեն այն, ինչը այդքան էլ լավ չգիտեն:
Հանձնաժողովի ղեկավարը հավելեց նաև, որ Աստղադիտարանի սշխատողներով համալրված տեղական խումբը Հայաստանում ծրագրի ավարտից հետո կարող է միանալ իրենց և աջակցել տարբեր երկրների մասնագետների համագործակցությանը, փորձի փոխանակմանը:
Հանձնաժողովի անդամ Ալան Փիքվիքն էլ նկատեց՝ Մանկավարժական համալսարանում անցկացվող այս ծրագիրը նպատակ ունի աստղագիտության ուսուցիչներին վերապատրաստել այնպես, որ նրանք կարողանան աշակերտների մեջ մեծացնել սերն ու հետաքրքրքությունը դեպի գիտությունը:
Ալան Փիքվիքը հույս հայտնեց, որ աստղագիտության հետաքրքիր հարցերի ու ոլորտների մասին ապագա մանկավարժները կլինեն համարձակ ու վստահ. «Մեր հիմնական նպատակն է երեխաների մոտ սեր ու հետաքրքրություն արթացնել դեպի գիտությունն ու աստղագիտությունը»,-հավելեց նա:
«Աստղագիտության դասավանդումը դպրոցում» ծրագրի շրջանակներում ուսանողները եղան նաև Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, մասնկացեցին աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի վարպետության դասին, ծանոթացան Վիկտոր Համբարձումյանի կյանքին, գործունեությանը:
«Միայն Նեյտրոնի տեսական հայտնաբերման, Գալակտիկայի տարիքի բացահայտման և աստղասփյուռների հայտնագործման համար Վիկտոր Համբարձումյանը կարող էր ստանալ 3 Նոբելյան մրցանակ»-նշեց Արեգ Միքայելյանն ու խոսեց նաև Տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, մոլորակաձև միգամածությունների, տարրական մասնիկների փիլիսոփայության և այլ բնագավառներում Վիկտոր Համբարձումյանի հաջողություների մասին։
Վարպետության դասից հետո ուսանողները հնարավորություն ունեցան աստղադիտակով դիտել աստղերը և մասնագետներից լսել աստղադիտակների մասին հետաքրքիր փաստեր: