Մանկավարժական համալսարանի և UNICEF-ի նախաձեռնությամբ Հատուկ կրթության ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի Ֆրեզնոյի շրջանային հասարակական կազմակերպության ծրագրերի և գնահատման բաժնի տնօրեն Լիլիթ Ասադուրյանը:
Առաջին անգամ հայաստանյան բուհում հյուրընկալված մասնագետը խորհրդանշական համարեց ՀՊՄՀ կատարած այցը՝ընդգծելով, որ ծնողները բուհի շրջանավարտ են:
«Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների զարգացման հետազոտումն ու մշտադիտարկումը» թեմայով զեկույցում բանախոսն անդրադարձավ երեխաների զարգացման, գնահատման կարևորությանը՝ նշելով, որ այն կօգնի ճիշտ ձևակերպել և անհատականացնել մոտեցումը, ճանաչումը, ուսուցումը երեխաների, ընտանիքիների հետ: Այն հնարավորություն կտա հասկանալ երեխայի ընդունակությունները, հմտություններն ու կարողությունները՝ ըստ իր տարիքային փուլի .«Երբ խոսում ենք փոքրիկ երեխաների զարգացման մասին, անհրաժեշտ է հաշվի առնել երեխային գնահատման չափանիշի օգտագործումը.այն հնարավորություն է տալիս նաև ծնողին ճանաչելու իր երեխային:Զարգացման մասին, անհնար է խոսել, առանց ծնողի անմիջական մասնակցությամբ, այդ իսկ պատճառով համագործակցության սերտ կամուրջ է անհրաժեշտ»:
Դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանում.ծավալվեց հարց ու պատասխան:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանն ընդգծելով բուհի միջազգայնացման կարևորությունը՝ նշեց, որ այդ շրջանականերում հոկտեմբերի 4-14-ը նախատեսված է դասախոսությունների շարք, որին կմասնակցեն նաև Մինեսոտայի համալսարանի և Լիոնի նյարդաբանական կլինիկայի ներկայացուցիչները.«Դասախոսությունների և գիտական միջոցառումների շարքը նվիրված է ֆակուլտետի հիմնադրման 5-ամյակին: Ձեռնարկն օգտակար է փորձի և գիտելիքների փոխանակման տեսանկյունից. այն լավ հնարավորություն է շրջանավարտների, գործընկերների հետ շարունակական կապ ապահովելու, ոլորտի հիմնախնդիրները քննարկելու»,-նշեց ֆակուլտետի դեկանն ու հավելեց, որ դրանք կամփոփվեն միջազգային աշխատաժողովով:
Դասախոսությանը ներկա էին Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, շրջանավարտներ, ոլորտի մասնագետներ, ինչպես նաև Կալիֆորնիայի համալսարանի Առողջապահական և մարդկային ռեսուրսների սպասարկման հարցով դեկանի խորհրդի խորհրդական, Ռենեսանս կրթաթոշակի ծրագրի խորհրդատվական մարմնի անդամ Մարիոն Կարիանը: