ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսությունների շարք՝ ռուս գործընկերներից
21.03.2017
Դասախոսությունների շարք՝ ռուս գործընկերներից

Երկօրյա պաշտոնական այցով Մանկավարժական համալսարանում է Ա.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի պատվիրակությունը:

Այցի առաջին օրն Ինստիտուտի ընդհանուր և ռուս լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Բոժենկովան և Նախապատրաստական ֆակուլտետի դեկան Նատալյա Տատարինովան ՀՊՄՀ-ում և այլ հաստատություններում ռուսերեն դասավանդողների համար հանդես եկան դասախոսություններով:

Մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված ձեռնարկի ընթացքում Նատալյա Բոժենկովան ներկայացրեց «Ակտիվ գործընթացները ժամանակակից ռուսերենում» և «Ունկնդիրների պոլիէթնիկ լսարանի ինտեգրացիան ռուսաց լեզվի դասընթացի շրջանակներում. ժամանակակից լեզվաբանական-դիդակտիկ տեխնոլոգիաներ» թեմաներով զեկույցները:

Վերջինս անդրադարձավ ժամանակակից լեզվաիմացության և ռուսագիտության կարևորագույն խնդիրներին, ֆունկցիոնալության պայմաններին, բառապաշարի, քերականության, բառաձևավորման ակտիվ գործընթացներին, նորմատիվներին:

Հանդիպման ընթացքում Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի Նախապատրաստական ֆակուլտետի դեկան Նատալյա Տատարինովան ներկայացրեց ««Կրթությունը ռուսերենով» պորտալի ռեսուրսների կիրառումը ռուսաց լեզվի դասընթացի, լրացուցիչ և զարգացնող դասընթացների շրջանակներում» թեմայով զեկույցը:

Վերջինս ռուսերեն դասավանդողների համար մանրամասնեց պորտալի ռեսուրսները, թիրախային լսարանը, ինովացիոն նախագծերն ու ինտերակտիվ կուրսերը, մանրամասնեց պորտալի գործածման ձևերն ու հնարավորությունները, պորտալում կուրսերի մշակման, օն-լայն օլիմպիադաների կազմակերպման և դրա միջոցով ռուսերենի դասավանդման առանձնահատկությունների մասին:

Նատալյա Տատարինովան ամփոփելով իր խոսքը՝ ևս մեկ անգամ ընդգծեց, որ պորտալը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են սովորել ռուսերեն, ապա վստահություն հայտնեց, որ այն անհրաժեշտություն է, վիրտուալ տիրույթի միջոցով հայտնվել ռուսերենը կրողների միջավայրում:

«Հայաստանը միշտ էլ հայտնի է եղել ռուսագիտության կայացած դպրոցով. Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում այսօր էլ կան պատրաստված մասնագետներ, որոնք իրենց գործի նվիրյալներ են: Անկախ աշխարհաքաղաքական իրադարձություններից, ռուսերենի իմացությունը Հայաստանում գտնվում է բարձր մակարդակի վրա»,-նշեց Նատալյա Բոժենկովան:

Ռուս գործընկերները հավելեցին, որ նման ձևաչափում տեղի ունեցող հանդիպումների ընթացքում իրենք նախ փորձում են հասկանալ՝ տվյալ երկրում առարկայի շրջանակներում դասավանդողներին հանդիպած խնդիրները, ապա նոր ներկայացնում լեզվի առանձնահակտությունները՝ գիտակցելով, որ տեսական իմացությունն առանց դասավանդողների անմիջական մասնակցության անիմաստ է: