ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի անկյուն՝ Մանկավարժականում
28.02.2023
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի անկյուն՝ Մանկավարժականում

Այսօր ՀՊՄՀ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։

Հուշագիրը ստորագրեցին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Վիրջինիա Հովհաննիսյանը։

Հուշագրի նպատակն է բարեխղճորեն գործակցել կրթության ոլորտում՝ խթանելով որակյալ կրթության հասանելիությանը, դրա ընդլայնմանը, կրթական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը, մասնագետների որակավորման ապահովմանը։

Բացի այդ, դպրոցներում բուհի լավագույն ուսանողների համար կիրականացվի պրակտիկայի և կամավորության կազմակերպում, ընդունելության գործընթացների, ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման մասին տեղեկատվության տարածում, ուսանողներին կտրամադրվեն զեղչեր և այլն։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը վստահ է՝ համագործակցությունը կնպաստի երկու կառույցների որակական բարելավմանը՝ նպաստելով աշակերտի, ուսանողի, սովորողի, մասնագիտական հետագծի ձևավորմանը։

Ռեկտորը նկատում է՝ արագ զարգացող աշխարհում փոխվում են նաև կրթական համակարգի պահանջները, ներմուծվում նոր մեթոդներ, ի հայտ է գալիս նոր գործիքակազմ․ համատեղ նախաձեռնություններն ու ակտիվ համագործակցությունը կնպաստի ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը։

Լարիսա Վիրջինիա Հովհաննիսյանը, ներկայացնելով «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ստեղծման պատմությունը, խոստովանեց՝ ծրագիրը շատերն էին հավակնոտ համարում․ այսօր համագործակցում են 170 դպրոցի հետ, աշխատում գյուղական համայնքների 30 000 երեխայի հետ։

Լարիսա Վիրջինիա Հովհաննիսյանն նշում է՝ Մանկավարժականի հետ գործընկերությունը սկվել է դեռևս 10 տարի առաջ․ այս տարիներին ապացուցել են՝ սիրում են Հայաստանն ու Արցախը, իսկ պաշտոնական համագործակցության վաղուց էր սպասում։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործադիր տնօրենը վստահ է՝ մեր երկրում կրթության ոլորտի ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել միասին․ ծրագրին դիմող 1000-ից 4-րդը Մանկավարժականի շրջանավարտ է։

Ի դեպ, հուշագրի ստորագրման արարողությունից հետո ՀՊՄՀ-ում բացվեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տեղեկատվական անկյունը։