«Մտնելու եք մի աշխարհ, որտեղ սխալվելու իրավունք չունեք: Որպես ավագ գործընկեր՝ խորհուրդ եմ տալիս մշտապես կատարելագործվել ու ինքնակրթվել, զարգացնել կարողություններն ու հմտություններն այնպես, որ ծնողները ձեզ վստահեն կյանքում ամենից թանկը՝ իրենց երեխաներին»,-նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը մագիստրոս-շրջանավարտների դիպլոմների հանձնման ընթացքում:
Սկզբնական կրթության ֆակուլտետի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի 55 շրջանավարտներ այսօր ստացան ավարտական վկայականներ՝ խոստանալով հավատարիմ մնալ այն կոչմանը, որին հավատարմագրվել են կամովին:
Դեկանը լիահույս է, որ շրջանավարտների համար վկայականը կլինի նոր բան սովորելու, մանկավարժության ոլորտի հաջողություններն ու ձեռքբերումները կրկնապատկելու սկիզբ և վստահեցրեց՝ ֆակուլտետի պորֆեսորադասախոսական կազմը մշտապես պատրաստ է աջակցելու իր շրջանավարտներին ցանկացած հարցում:
Մանկավարժական համալսարանի Հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը ևս շնորհավորեց և բարի երթ մաղթեց մագիստրոսներին և ևս մեկ անգամ վստահեցրեց՝ ամուր է Սկզբնական կրթության ֆակուլտետի և դպրոցի կապը, որի հիմքում միմյանց աջակցելն է:
«Դպրոցն այս ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների տունն է, ֆակուլտետի շարունակությունը. մենք սպասում ենք ձեզ»,-նշեց Նաիրա Տողանյանն ու վստահեցրեց՝ դասվարների կարիք մշտապես ունի յուրաքանչյուր դպրոց. այն պահանջարկ և ոսկու կշիռ ունեցող մասնագիտություն է:
Լիլիթ Իսպիրյանը 55 շրջանավարտներից միակն է, որ մագիստրատուրան ավարտում է գերազանց առաջադիմությամբ: Առաջին մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետը, որ ներկայումս աշխատում է շինարարության ոլորտում, մանկավարժների ընտանիքից է: Հենց ընտանիքում էլ ձևավորվել է մասնագիտության հանդեպ համակրանքը ու ուղղորդել որպես երկրորդ մասնագիտությունն ընտրել մանկավարժությունը:
«Մանկավարժն էլ բժշկի նման կարևորագույն մասնագիտություն է. բժիշկը մարդուն է բուժում, մանկավարժը՝ երեխայի հոգին, ուստի սխալվելու իրավունք չունենք»,-նշեց Լիլիթ Իսպիրյանն ու որպես ապագա մայրիկ՝ ուրախությամբ նկատեց՝ մասնագիտությունը թույլ կտա չսխալվել նաև իր երեխաների դաստիարակման գործում: