ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասը վարեց գրող Ռուբեն Մարուխյանը
21.11.2016
Դասը վարեց գրող Ռուբեն Մարուխյանը

Սկզբնական կրթության ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա (տարր. կրթ.) բաժնի առաջին կուրսի ուսանողներին հյուրընկալվել էր մանկագիր, դրամատուրգ, բանաստեղծ, ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը։ Հանդիպումը կազմակերպել էին Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտներ Լ. Ավագյանը, Ե. Մնացականյանը և Լ. Տեր-Գրիգորյանը:

Ռուբեն Մարուխյանը խոսեց արվեստի՝ մասնավորապես գրականության մասին, արժևորեց հատկապես խոսքի արվեստի կարևորությունը՝ ընդգծելով նրա անփոխարինելի դերը երեխայի արժեհամակարգի ձևավորման գործում։ Ընթացքում գրողը պատասխանեց լսարանի հարցերին, նաև ցույց տվեց, թե ինչպես կարելի է պատրաստել տիկնիկներ և ուսանողների օգնությամբ ցուցադրեց տիկնիկային ներկայացումից մի դրվագ։ Ավարտին Ռուբեն Մարուխյանը, ներկայացնելով Եզոպոսի հայտնի առակը լեզվի մասին, ուսանողներին հղեց հետևյալ պատգամը. «Անաղա՛րտ պահեք մեր լեզուն. այն մեր գանձն է, մեր ինքնության և գոյության գրավականը»։

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ռեժիսոր Մ. Ռաֆայելյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հ. Խաչատրյանը, մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսներ Ե. Մնացականյանը, Ա. Մուրադյանը, Լ. Ավագյանը, ֆակուլտետի մագիստրոսները, գրական ակումբի անդամները։