ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասընթաց-մոդելավորում ժամանակակից համայնքի համար
08.11.2016
Դասընթաց-մոդելավորում ժամանակակից համայնքի համար

Մանկավարժական համալսարանում գերմանական «CIVIC» Միջազգային կրթության ինստիտուտը Հայաստանում, Արտաքին մշակութային հարաբերությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ, (IFA) անցկացնում է «Մեր համայնքը․ Բանավիճի՛ր և բանակցի՛ր հանուն շահերի ու փոխզիջումների» մոդելավորում-խաղերի ու դասընթացների եռօրյա շարք:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ դասախոսների և ուսանողների մասնակցությամբ անցկացվող դասընթացին այսօր ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Դեսպանի այցի նպատակն էր գործնականում ծանոթանալ մասնագետների ներկայացրած եվրոպական քաղաքացիական կրթության ոլորտում դասավանդման, աշխատանքի ինտերակտիվ նոր մեթոդների կիրառմանը:

Վերջինս կարևորեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի հետ կառույցի համագործակցությունը՝ վստահ լինելով, որ քաղաքացիական հասարակության կայացման գործում դասընթացը կծառայի իր նպատակին:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան եվրոպական հասարակական-քաղաքական հարաբերությունների, հասարակության ու հասարակական գործընթացների մասին ստանալ խորքային պատկերացումներ, իրական գործողությունների տեսքով՝ ուսումնասիրել դրանք տարբեր դիտանկյուններից:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ընդգծեց բուհում միջազգային փորձի տեղայնացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ «Մեր համայնքը․ Բանավիճի՛ր և բանակցի՛ր հանուն շահերի ու փոխզիջումների» մոդելավորում-խաղերի ու դասընթացների եռօրյա շարքն իր հնարավորություններով ևս մեկ՝ կարևոր քայլ է զարգացող համալսարանի համար:

«CIVIC» ընկերության աշխատակից Անի Օհանյանը old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ կրթության ոլորտում իրականացվում են տարբեր ծրագրեր.դրանց նպատակն Արևելյան Եվրոպայում ժողովրդավարության արժեքները կրթության միջոցով ներկայացնելն է:

Փորձագետը նշեց նաև, որ դասախոսների, ապա նաև ուսանողների հետ անցկացվող եռօրյա դասընթացը կօգնի հասկանալ, որ նոր մեթոդներով հնարավոր է առավել հեշտ սովորել:

Դասընթացը կամփոփվի վաղը. ավարտին կտրվեն մասնակցության հավաստագրեր: