Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի Ֆակուլտետի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս, կինոռեժիսոր Արսեն Առաքելյանը եռօրյա այցով Արցախի պետական համալսարանում էր:
Այցը կազմակերպվել էր ՀՊՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում, որի ընթացքում Մանկավարժականի դասախոսը լրագրության 1-4-րդ կուրսերի համար չորսժամյա պլանով անցկացրեց սեմինար-դասընթացներ:
Ապագա լրագրողները ծանոթացան լրագրության հիմունքներին, լրագրության և ռեժիսուրայի ընդհանրություններին. տրվեցին առաջադրանքներ, գործնական հանձնարարություններ, եղավ նաև մասնագիտական ֆիլմերի դիտում:
«Լրագրությունը, ռեժիսուրան և մոնտաժը սերտորեն կապված են իրար. ժամանակակից լրագրությունը պետք է պարտադիր պարունակի ռեժիսուրայի տարրեր, իսկ լրագրողի ստեղծած յուրաքանյուր նյութ հիշեցնի մինի ֆիլմ»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Արսեն Առաքելյանը, ով ուրախությամբ նկատեց, որ իր՝ ոչ ֆորմալ ձևաչափով անցկացրած դասաընթացների արդյունքում սկսեցին ստեղծագործել նաև նրանք, ովքեր մինչ այդ «չէին գրում», իսկ մատուցած նյութերը կարճ ժամանակ անց հետաքրքրեցին նաև մագիստրոսներին, ասպիրանտներին ու դասախոսներին:
Արսեն Առաքելյանը կարևորեց նաև, որ անկախ իրավիճակից՝ արցախցի երիտասարդն ուսումնատենչ է, սիրում և շարունակում է մտածել ու ստեղծագործել լուսավոր երևույթների մասին.«Նրանց հատկապես հետաքրքրեց ՀՊՄՀ-ում կիրառվող Classroom էլեկտրոնային դասավանդման նոր մեթոդը.փոխադարձ ցանկությամբ՝մեր պարապմունքները շարունակվում են այսօր էլ, սակայն համացանցային տիրույթում»,-հավելեց Արսեն Առաքելյանը: