ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դեպի երազանք․․․
14.05.2025
Դեպի երազանք․․․

Կյանքի յուրաքանչյուր փուլ ունի սկիզբ և ավարտ։ ՀՊՄՀ-ի №57 դպրոցի 4ա դասարանի աշակերտներն ավարտեցին կրտսեր դպրոցը։ Նրանք ուզում են հեռանալ դեպի նոր արկածներ․ բայց՝ սպասե՛ք՝ ասում է դասվար Կարինե Չիբուխչյանը, այսպես գաղտագողի՞ ու թաքո՞ւն․․․Իսկ դասագրքերն ո՞ւր եք տանում ձեզ հետ։ Պարզվում է պայուսակներում ոչ թե դասագրքերն են, այլ բոլոր այն արժեքները, որ աշակերտները յուրացրել ու ամբարել են 4 տարի շարունակ։

«Մենք առաջինն ենք՝ հատկապես մեր դասարանում՝ անհոգ ժպիտներով, չմարող հետաքրքրասիրությամբ և ամեն ինչ բացահայտելու մեծ ցանկությամբ, անկեղծությամբ, միասնականությամբ և մեր չորս տարիների անմոռանալի պահերով»,- ավարտական հանդեսն սկսվում է, և նախ պետք է ծանոթանալ այդ արժեքներին, հետո միայն հրաժեշտ տալ։
Դպրոցականները ներկայացնում են իրենց չորս տարվա ճամփորդությունը, որն սկսվեց դպրոցից, ուր սովորեցին փորձել ու չվախենալ սխալներից, սովորեցին ոչ միայն կարդալ ու գրել, այլև՝ հավատալ իրենց ուժերին։

Ահա վառ երևակայությունը նրանց տանում է դեպի Մեծ Հայք՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջան, հետաքրքիր ճանապարհորդություն, ուր ծանոթանում են հայ մեծերին՝ Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ։ «Արևներ»-ը նաև հասկանում են՝ նրանց բոլորին միավորել է սերն առ հայրենիք և մի մեծ նպատակ` հայրենի երկիրը շենացնելն ու հզորացնելը։

Հանդեսը շարունակվում է․ «Աստղագուշակը» պարզում է՝ 25 տարի հետո ով որտեղ է լինելու, որ ոլորտում է փայլելու իր գիտելիքներով ու տաղանդով․ հասկանում են՝ իրենք այն սերունդն են, որ ապագայի հենասյուներն են դառնալու, բայց երբեք չեն մոռանալու մարդ մնալ․ միայն բարությամբ ու ազնվությամբ, նաև միասնությամբ կարող են հաղթահարել դարի մարտահրավերներն ու հասնել հաջողության։

Փոքրիկները, որ արդեն կարծես էլ փոքր չեն, երգում են ընկերության մասին՝ հիշելով մանկության ու ընկերության խենթ օրերը։ Ապա «գաղտնազերծում են» պայուսակների պարունակությունը՝ մի գեղեցիկ զգացմունք, որ սեր է կոչվում․ չէ՞ որ ուսուցչուհին պատգամել է՝ սիրե՛ք ձեր ընկերոջը, դպրոցը, ձեր տունն ու ընտանիքը, սիրե՛ք ձեր հայրենիքը։

Նրանք պարում ու երգում են նաև հայրենիքի, մայրիկի, զինվորի, Երևանի ու հարազատ դպրոցի մասին, երգեր, որ նրանց թև է տալիս։

«Ես հպարտ եմ ձեզնով։ Դուք չորս տարվա ընթացքում ոչ միայն սովորեցիք գրել, կարդալ, այլև սովորեցրիք ինձ, թե ինչպես սիրել ու հավատալ մանկական անկեղծությանը։ Դուք մեծացաք, բայց թող ձեր ներսում միշտ մնա այն փոքրիկ երեխան, որը երբեք չի վախենում մեծ երազանքներից»,- նշեց դասվար Կարինե Չիբուխչյանը, ում վարած դասերը ոչ միայն գիտելիքեր են սերմանում, այլև սովորեցնում՝ ինչպես գնալ երազանքների հետևից։

Չորրորդցիները խոստացան՝ ինչ բարձունքներ էլ հաղթահարեն, առաջին դասարանը, առաջին ուսուցիչներն ու ընկերները միշտ կմնան իրենց սրտերում․«Անգամ եթե մեր պայուսակները ծանրանան գրքերով, երազանքներով ու հիշողություններով, մենք միշտ վառ կմնանք, ինչպես արևը։ Չէ՞ որ մեր դասարանը «արևներ» է կոչվում»։

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը վստահեցնում է՝ պայուսակներն իսկապես ծանր են և դեռ ծանրանալու են․ միջին դպրոցի արհեստավարժ թիմը նույն ոգով պատրաստ է ընդունել սաներին և շարունակելու է աշխատել նույն սկզբունքով՝ զինել գիտելիքներով, մարդ դաստիարակելու կարևոր առաքելությամբ։

Նա շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց միջոցառման համար, որից սեր էր ծորում և յուրահատուկ էր այնպես, ինչպես իրենք են՝ արևները։