Մանկավարժական համալսարանում շարունակվում է ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Այսօր հանդիսավորությամբ դիպլոմներ ստացան Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև Կենսաբանության, քիմայի և աշխարհագրության ֆակուլտետների շրջանավարտները։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց աբովյանականներին տոնական օրվա առթիվ և ընդգծեց ուսանողական տարիների կարևորությունը ինչպես մասնագիտական գործունեության, այնպես էլ սոցիալական շրջանակներում հաղորդակցման առումով։
Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ ուսուցչի մասնագիտությունը 21-րդ դարում ամենապատվաբեր, մարտահրավերների առումով ամենաբարդ շրջափուլը հաղթահարած մասնագիտությունն է։ Նա պատահական չհամարեց, որ բնագիտական ոլորտը, ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում նախապատվության առումով զիջում է այլ բնագավառների։
Բուհի ղեկավարն անդրադարձավ նաև ԲՏՃՄ ոլորտում բարեփոխումներին, խոսեց ներկայիս պահանջների մասին և այդ առումով կարևորեց շրջանավարտների մասնագիտական կարողությունների ձևավորումը, որը մեծամասամաբ պայմանավորված է նաև ֆակուլտետների բանիմաց և ոլորտի առաջատար պրոֆեսորադասախոսական կազմով․ «Համոզված եմ ձեզնից շատերը հետագայում կհամալրեն Մանկավարժականի մասնագիտական ամբիոնները, բուհի հիմնական և ավագ դպրոցնների ուսուցչական կազմը՝ հնարավորություն տալով նոր վերելքների հաղթահարման»,- նշեց ռեկտորը։
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետն ունի 172, իսկ Կենսաբանության, քիմայի և աշխարհագրության ֆակուլտետը ՝ 84 շրջանավարտ, նրանցից 70-ը ստացավ կարմիր դիպլոմ։
Կենսաբանության, քիմայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սիրինե Շողերյանը շնորհավորելով ուսանողներին՝ նկատեց, որ մեծ ցանկության, համառության շնորհիվ կարողացել են արժանապատվորեն հաղթահարել գիտելիքների ճանապարհին առկա դժվարությունները։ Նա մաղթեց լինել համարձակ երազանքներում, հավատալ սեփական ուժերին և ունենալ նոր ձեռքբերումներ։
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանն էլ միացավ օրվա առիթով հնչած շնորհավորանքներին․ կյանքի կարևոր փուլը հաղթահարված է համարում։ Լիահույս է՝ շրջանավարտներից շատերը հավատարիմ կլինեն իրենց կոչմանը, կկրթեն հայրենասեր սերունդ, հետաքրքրություն կսերմանեն բնագիտական ոլորտի նկատմամբ․ «Կրթությունը սկսվում է դպրոցից․ մեր մասնագիտությունները պետության հենասյունն են և դրանց զարգացումը կամրապնդի այն ուժը, որն անհրաժեշտ է նաև անվտանգության տեսանկյունից»,-ամփոփեց դեկանը։