Այսօր հանդիսավորությամբ դիպլոմներ հանձնվեցին Սկզբնական կրթության ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի 24 մագիստրոսի։
Շրջանավարտներին շնորհավորեցին Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը, փոխդեկան Արմինե Միքայելյանը, Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Քնարիկ Հովհաննիսյանը։ Նրանք մագիստրոսներին մաղթեցին մեծ ձեռքբերումներ և հաջողություններ՝ ապագա սերունդների կրթման և դաստիարակման պատասխանատու գործում:
Դեկան Հեղինե Խաչատրյանը հորդորեց՝ ուսանողական տարիներից հիշել միայն լավագույն պահերը և իրականություն դարձնել այն ցանկություններն ու նպատակները, որ ունեն այս պահին։
«Ամեն տարի դուք տանում եք մեր հոգուց մի մասնիկ․ ամեն սերունդ ճանապարհելիս՝ մենք աղքատանում ենք, սակայն նորից հզորանում նորերի հետ։ Լավ ճանաչեք ձեզ, ճիշտ նպատակներ դրեք, որ կարողանաք իրականացնել բոլոր ցանկությունները։ Առանց ամաչելու ցույց տվեք ձեր գիտելիքները, իսկ դժվարությունների դեպքում՝ դիմեք մեզ»,- դիպլոմների հանձնմանը նշեց պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն ու հորդորեց հպարտությամբ կրել Մանկավարժական համալսարանի շրջանավարտը լինելու պատիվը։
Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Քնարիկ Հովհաննիսյանը հիշեցրեց առաջին դասի իր պատգամը՝ արժևորել ապագա մագիստրոսական կոչումը, աշխատել այնպես, որ հասարակությունն էլ արժևորի այն։ Սկզբնական կրթության ֆակուլտետի փոխդեկան Արմինե Միքայելյանն էլ մաղթեց հաջողություններ և հույս հայտնեց, որ դասավանդողներից յուրքանչյուրն իր լուման է ունեցել՝ որպես մասնագետ նրանց կայացման գործում։
Մագիստրոսները շնորհակալություն հայտնեցին ջերմ խոսքերի, բարեմաղթանքների համար, որ մայրական ճանապարհ են բացել կրթելու, դաստիարակելու դժվարին գործում։