Օրերս մագիստրոսի ավարտական վկայականներ ստացան Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն ) մասնագիտության հեռակա ուսուցման համակարգի շրջանավարտները:
Հանդիսավոր պայմաններում նրանց դիպլոմներ հանձնեցին և շնորհավորեցին ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական կազմն ու որակավորման քննությունների հանձնաժողովի նախագահ ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը շնորհավորեց շրջանավարտներին` մաղթելով բարի երթ և հաջողություններ մասնագիտական գործունեության ոլորտում:
«Չկա երեխա, ով չի կարող սովորել, պարզապես անհրաժեշտ է հավատալ երեխայի ուժերին և սեփական մանկավարժական մտահղացումներն իրականացնել հաջողությունների ակնկալիքով»,-վստահեցրեց փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ու ևս մեկ անգամ շնորհավորեց շրջանավարտներին:
Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանի՝ ուսանողներին ուղղված ամենակարևոր մաղթանքը երջանկությունն է. առողջ և պայծառ սերունդ դաստիարակելու համար մանկավարժը պետք է երջանիկ լինի: Պրոֆեսորն ուսանողներին հորդորեց զարգացնել սեփական խոսքը, հարստացնել բառապաշարը «բարի բառերով» և պայմաններ ստեղծել, որ այդ բառերը ծլարձակեն երեխաների հոգում: