Բանասիրական ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի մագիստրոսական կրթական ծրագրով 3-րդ կուրսի 26 ուսանող այսօր ստացավ ավարտական վկայական:
Հայոց լեզու և գրականության մասնագիտության շրջանավարտներին շնորհավորեցին ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն ու ամբիոնների վարիչները՝ մաղթելով հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ:
Աշոտ Գալստյանը հորդորեց ամենուր բարձր պահել Մանկավարժական համալսարանի վարկը՝ մաղթելով հաջողություն, բարի երթ և կյանքի բարի ընթացք:
«Դուք մեզ փոխարինողներն եք, և ուզում եմ, որ ազգային մտածողություն սերմանեք ձեր երեխաների մեջ. ազգային հպարտություն ունեցեք և փոխանցեք սերունդներին» ,-նշեց Հայ հին և միջնադարի գրականության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը: Պրոֆեսորը հորդորեց, որ շրջանավարտները շարունակեն հարստացնել համալսարանում ստացած գիտելիքները:
Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանն էլ Հրանտ Մաթևոսյանի խոսքերով դիմեց մագիստրոսներին՝ եթե ուսուցիչ չդառնան, գոնե իրենց երեխաներին լավ հայոց լեզու և գրականություն կսովորեցնեն:
«Ձեր ընտրած մասնագիտությունը լավագույնն է: Խնդիրն աստիճաններով բարձրանալը չէ. պետք է կարողանաք ձեր ընտանիքներում երեխաներին գրամշակութային ժառանգությունը սերմանելու առաքելությունն իրականացնել»,-նշեց Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը: