ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դիպլոմներ՝ Սկզբնական կրթության ֆակուլտետի շրջանավարտներին
04.07.2023
Դիպլոմներ՝ Սկզբնական կրթության ֆակուլտետի շրջանավարտներին

«Կյանքում հաջողությունը, հարստությունը և փողն անկայուն են, անցողիկ․ մնայուն է գիտելիքը։ Այսօր, ստանալով ավարտական դիպլոմներ, ձեր առջև բացվում են խորհրդավոր կյանքի դռները։ Չփակեք գիտելքի զարգացման ճանապարհը․ թող այն խթան դառնա՝ կատարելու ճիշտ ընտրություն և զարգացնելու մասնագիտական կարողությունները։ Դուք մեր գործընկերն եք․ ձեր կողքին ենք և սիրով սպասում ենք ձեզ»,-դիմելով Սկզբնական կրթության ֆակուլտետի շրջանավարտներին՝ նշեց դեկան Հեղինե Խաչատրյանն ու խոստովանեց՝ ամեն տարի այս օրը մեծ ցանկություն է ունենում հետ բերել ժամանակն ու հայտնվել շրջանավարտի կարգավիճակում։

Այսօր հանդիսավորությամբ և գիտելիքը խորհրդանշող «գրքային միջավայրում» ավարտական դիպլոմներ ստացավ Սկզբնական կրթության ֆակուլտետի 184 շրջանավարտ՝ 68 բակալավր, 34 մագիստրատրոս, ինչպես նաև հեռակա ուսուցման համակարգի 82 աբովյանական․ բուհը գերազանցությամբ ավարտեց 35-ը։

Կյանքի կարևոր շրջափուլի ավարտի առթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքի խոսքեր հղեցին ամբիոնների վարիչները, դասախոսները։

Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ջուլիետա Գյուլամիրյանը մանկավարժների նոր սերնդին հորդորեց չսամանափակվել ձեռքբերածով, սովորել, կատարելագործվել։

Պրոֆեսոր Գյուլամիրյանն ավարտական դիպլոմները կանքի նոր սկիզբ է համարում․հույս ունի, որ ուսումնառության ընթացքում ուսանողներին են փոխանցել անընդհատ սովորելու ցանկությունը, մղումը, ինչը 21-րդ դարի ուսուցչի կարևոր պահանջն է։

Ջուլիետա Գյուլամիրյանը հետահայաց վերհիշելով շրջանավարտների ուսանողական կյանքի սկիզբը՝ վերջնարդյունքը գոհացուցիչ համարեց։

«Ձեր լավագույն տարիներն անցկացրել եք բուհում․ այդ ընթացքում ձեռք բերել տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ, կարողություններ, ձևավորել անձնային որակներ, ստեղծել ձեր կերպարը։ Մաղթում եմ, որ լինեք օրինակելի, ունենաք մասնագիտական մեծ վերելքներ»,- շնորհավորելով ուսանողներին՝ նշեց Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մարությանը։

Սկզբնական կրթության ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնմանը, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, ներկա էին նաև նախորդ տարիների շրջանավարտները։

Խոստումնալից ապագայով, մասնագիտական ոլորտում կայացած աբովյանական․ լավագույն շրջանավարտներից Անահիտ Հովակիմյանին այսպես են բնութագրում դասախոսները։

Մանկավարժականը 7 տարի առաջ ավարտած Անահիտը կստսեր ընկերներին վստահեցրեց՝ սա կրթության, ինքնակրթության սկիզբն է միայն․ նախորդ տարիների անքուն գիշերների և մեծ լարվածության դրական ամփոփումը նրանք ստանում են այսօր։

ՀՊՄՀ շրջանավարտն ընդգծեց՝ ֆակուլտետում ստացել է կարողություններ, ապա ինքնուրույն զարգացրել դրանք։ Խոսոտվանում է՝ այսօր էլ առաջնորդվում է դեկան Հեղինե Խաչատրյանի հնչեցրած այն մտքով, որ ամենակարևորը ռեսուրսը գաղափարն է, իսկ գաղափարի համար պետք են գիտելիքներ․«Եթե ուզում եք հաջողակ լինել, փորձեք այդ գիտելքիները օգտագործել նոր գաղափարներ գեներացնելու և կյանքի կոչելու համար։ Արդյուքին սպասում ենք բոլորս»։